Ինտերնետն օգնում է Բրազիլիայի հայ երիտասարդությանը կապ պահել Հայրենիքի հետ. համայնքի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ինտերնետն օգնում է Բրազիլիայի հայ երիտասարդությանը կապ պահել Հայրենիքի հետ, հինգշաբթի ասաց Բրազիլիայի հայկական համայնքի ղեկավար Օշին Լևոն Օսդիչյանը:
«Ցավոք, այսօր համայնքի ավելի ու ավելի շատ անդամներ չեն խոսում հայերեն, քանի որ լեզվի պահանջը շատ փոքր է: Դա հատկապես վերաբերում է Բրազիլիայի երիտասարդ՝ թվով հինգերորդ սերնդին: Սակայն նրանք օգտվում են ինտերնետից, ինչը զգալիորեն օգնում է նրանց ավելի ու ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին»,- ասաց Օսդիչյանը:
Օսդիչյանի խոսքերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն օգնում է նոր սերնդին՝ չմոռանալ իրենց արմատների մասին և ֆինանսավորում է տարբեր ծրագրեր Բրազիլիայում՝ ուղղված ազգային ինքնության պահպանմանը:
«Մեր համայնքը կապ է պահում սփյուռքի նախարարության հետ, որը գրեթե ամեն տարի կազմակերպում է հայ երաժիշտների և կատարողների այցերը»,- ասաց նա:
Ըստ համայնքի ղեկավարի՝ այսօր Բրազիլիայի հայկական համայնքում մոտ 30 հազ. մարդ կա, որոնց մեծ մասն ապրում է Սան Պաոլոյում:
«Ի հակառակ տարածված կարծիքի՝ հայերի մեծամասնությունն ապրում է հենց Սան Պաոլոյում, այլ ոչ թե Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ մոտ 500 հայ է ապրում»,- ավելացրեց նա:--0--