ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ «ARMENIAN POWERSPELL» ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ 2010 Թ.-ԻՆ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ին լույս կտեսնի հայոց լեզվի ուղղագրության ստուգման «Armenian PowerSpell» ծրագրի նոր տարբերակը, որը շատ ավելի լուրջ կլինի, քան նախորդը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Armenian PowerSpell» ծրագրի հեղինակ Արման Բոշյանը:
Նրա խոսքերով՝ ծրագիրն ապահովում է հայոց լեզվի 97 տոկոսանոց ծածկույթ:
«Ծրագրի առանձնահատկություններից է այն, որ այն ճանաչում է որոշ օտարերկրյա բառերն ու առաջարկում է դրանց հայկական համարժեքները: Այս պահի դրությամբ ծրագիրը 570 հազար բառ է ներառում. սա գոյություն ունեցող ուղղագրական բառարաններից ամենամեծն է: Մինչ տարեվերջ բառարանի ծավալը ծրագրվում է հասցնել մինչև 1 միլիոն բառի», - ասաց Բոշյանը:
Բացի այդ ծրագրի հեղինակը տեղեկացրեց, որ հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել ծրագրից անվճար յոթ օրվա ընթացքում՝ ծրագրի որակի մեջ համոզվելու համար:
«Մենք գործարկել ենք այս ծառայությունը՝ մեր հասարակությունում ընկերության և հաճախորդի միջև շփման մշակույթը զարգացնելու նպատակով, որը հիմնված է միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա», - նշեց նա:
Բոշյանը տեղեկացրեց, որ հայոց լեզվի ստուգման ծրագրի ստեղծման գաղափարը ծնվել է ինը տարի առաջ, երբ իրենք բախվեցին հայոց լեզվով գրված տեքստերի ուղղագրությունը ստուգելու խնդրի հետ:
«Նույնիսկ եթե մարդը լավ է տիրապետում հայոց լեզվին, նա պարբերաբար բախվում է տեքստերի ստուգման խնդրի հետ: Այդ ժամանակ ծագեց հայոց լեզվի ուղղագրությունը ստուգելու ծրագրի ստեղծման գաղափարը: Ծրագիրը կոչվում էր «ԱրմՕրֆո»: Այս ծրագրի հնարավորությունները շատ սահմանափակ էին. այն, ըստ էության, լեզվի 40-50 տոկոսանոց ծածկույթով բառարան էր», - ասաց հեղինակը:
Նա նշեց, որ չնայած ծրագիրը շատ դրական արձագանքներ ստացավ՝ հեղինակները դադարեցին այն մշակել, քանի որ ծրագիրը «կոտրվել» էր և հարյուրավոր համակարգչահեն պատճեներ էին տարածվել երկրում:
«Կարևոր է նշել նաև, որ հեղինակային իրավունքների պաշտպանության մասին նոր օրենքն իրավական հիմքեր է ստեղծում՝ համակարգչահենությունից մեր ծրագիրը պաշտպանելու համար: Սա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք, որ «Armenian PowerSpell 2009» ծրագրի ստեղծման մեջ շատ լուրջ ներդրումներ են կատարվել», - ավելացրեց Բոշյանը:
Ծրագրի իրագործմամբ զբաղվող «Սահակ Պարթև - Պապյան» ընկերության տնօրեն Հայկ Պապյանն իր հերթին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց, որ վերջերս լույս է տեսել «Armenian PowerSpell-2009» ծրագրի սկավառակը, որը կարելի է ձեռք բերել բոլոր գրախանութներում և մասնագիտացված խանութներում:
«Ծրագիրը կարելի է ձեռք բերել երկու ձևով՝ ներբեռնելով կայքում կամ սկավառակների միջոցով: Համակարգչի վրա այն տեղադրելուց հետո կսկսի գործել ավտոմատ թարմացման ռեժիմը: «Armenian PowerSpell-2009» նախատեսված է ամենահայտնի ծրագրերից մեկի՝ Microsoft Word-ի համար», - պարզաբանեց Պապյանը:-0-