USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Վկոնտակտե» սոցիալական ցանցի ստեղծողը գործի է դրել իր «SMS –մարդասպանին»

15.08.2013, 14:28
«Վկոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովին պատկանող Digital Fortress ընկերությունն App Store ծրագրերի կատալոգում հրապարակել է Telegram բջջային մեսենջերը, հաղորդում է cnews.ru–ն։
«Վկոնտակտե» սոցիալական ցանցի ստեղծողը գործի է դրել իր «SMS –մարդասպանին»
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Վկոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովին պատկանող Digital Fortress ընկերությունն App Store ծրագրերի կատալոգում հրապարակել է Telegram բջջային մեսենջերը, հաղորդում է cnews.ru–ն։

Մշակողները վստահեցնում են, որ Telegram–ն ակնհայտ կերպով կապված է «Վկոնտակտե» սերվիսների հետ։ Դրա գործարկման ժամանակ այն սոցցանցի մուտքի լոգին չի պահանջում` լոգին է համարվում այն iPhone–ի հեռախոսահամարը, որի վրա տեղադրված է հավելվածը։

Մեսենջերը ստեղծվել է Պավել Դուրովի եղբոր` Նիկոլայ Դուրովի մշակած MTProto պաշտպանված արձանագրության հիման վրա և կլինի այն արձանագրությունն օգտագործող «նմուշային» ներդիր։ Ինչպես գրել է Պավել Դուրովը «Վկոնտակտե»–ի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինի էջում, «այժմ մրցույթի (Durov's Android Challenge) մասնակիցները կարող են ստուգել ինտերֆեյսի աշխատանքի տրամաբանությունն iOS–ի նմուշի Android-ներդիրներից»։

Որպես կոնտակտների բազա` Telegram–ն օգտագործում է սարքի հեռախոսագիրքը։ Հաղորդումների փոխանցումը հնարավոր է միայն այն սարքերի միջև, որոնցում տեղադրված է Telegram–ը, հաղորդումների այլ ցանցերին փոխանցում նախատեսված չէ։

App Store–ի ներդիրի բնութագրության համաձայն, Telegram–ի մրցակիցը WhatsApp տարածված մեսենջերն է։ Ինչպես և WhatsApp–ը, Դուրովի մշակումը կարող է մինչև 100 մարդուց բաղկացած խմբակային չատեր ստեղծել, և, բացի տեքստային հաղորդագրություններից, թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր փոխանակել։

Հետաքրքիր է, որ Դուրովի Telegram–ում օգտագործվել են WhatsApp–ի որոշ ինտերֆեյսային լուծումներ, օրինակ` հաղորդագրությանը տրվող կրկնակի սրանկյուն նշումը, որը վկայում է, որ այն հասավ հասցեատիրոջը։

Ի տարբերություն WhatsApp–ի, որի օգտագործումը խոստանում է վճարովի դառնալ, Telegram–ն «անվճար է և միշտ անվճար է լինելու», գրում են մշակողները։ Ներդիրի բնութագրի համաձայն, նրանք չեն պատրաստվում գովազդ վաճառել կամ բաժանորդավճար սահմանել դրա օգտագործման համար։

Դատելով ռուսական տեղայնացման բացակայությունից` այն, նախևառաջ, ոչ ռուսական շուկայի համար է նախատեսված։

Մշակողները հավաստիացնում են, որ սերվերային ապակենտրոն ենթակառուցվածքի շնորհիվ Telegram–ն «աշխարհի ամենաարագ մեսենջերն է», իսկ հաղորդագրությունների ուղարկման ժամանակ կոդավորման օգտագործման առումով «պաշտպանված է ինդուստրիայում հայտնի բոլոր ռիսկերից»։

Ենթադրվում է, որ Android–ի համար Telegram–ի տարբերակը MTProto արձանագրության օգտագործմամբ կստեղծեն 2013 թվականի հուլիսի 16–ին հայտարարված Durov's Android Challenge մրցույթի մասնակիցները։ -0-