ՏՏ ոլորտին ուղղված UITE–ի ռազմավարությունը պետք է իրականացվի կառավարության հետ գործընկերությամբ. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման 2014–2018 թթ. ռազմավարությունը, որը ներկայացվել է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կողմից, պետք է իրականացվի հանրապետության կառավարության հետ գործընկերությամբ, ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։
Միության ռազմավարության համաձայն, որը ներկայացվել է ուրբաթ UITE–ի 14–րդ համագումարի ժամանակ, Հայաստանը 5 տարվա ընթացքում պետք է ներառվի ՏՏ ոլորտի առաջատար երկրների քսանյակում։ Ներկայացված ռազմավարությունն առաջացրել է էկոնոմիկայի փոխնախարարի դժգոհությունը։
«Քանի դեռ դուք կառավարությանը դիտարկում ենք որպես օբյեկտ, այլ ոչ թե որպես գործընկեր, ձեր ռազմավարությունը չի իրականացվի։ Դուք ռազմավարություն եք մշակել` չխորհրդակցելով կառավարության հետ, իսկ մենք (կառավարություն) միշտ խորհրդակցում ենք ձեզ հետ։ Եկեք միասին սովորենք և աշխատենք։ Այս ռազմավարության իրականացումն անհնար է առանց կառավարության աջակցության», – ռազմավարության քննարկման ընթացքում ասել է Մինասյանը։
Փոխնախարարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գործում է կառավարությունից անջատ, «դրա պատճառով համաչափություն չի ստացվում»։
«Օրինակ, ես ռազմավարությունում չտեսա կարևոր մի հայեցակարգ։ Այստեղ ոչ մի խոսք չկա ՏՏ ոլորտում աշխատող աշխարհասփյուռ հայության ջանքերի միավորման մասին։ Իսկ ինչպե՞ս եք առանց դրա պատրաստվում իրականացնել այս գլոբալ ծրագիրը», – ընդգծել է Մինասյանն` ավելացնելով, որ փաստաթղթում կան նաև այլ թերություններ, նա առաջարկել է համատեղ աշխատել դրանց վերացման ուղղությամբ։
2000 թ.–ին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտն առաջնահերթ է հայտարարել երկրի տնտեսությունում։ Այսօրվա դրությամբ Հայաստանի ՏՀՏ ոլորտում գործում է մոտ 350 ձեռնարկություն, որոնցում աշխատում է շուրջ 10 հազար մարդ։
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամեն տարի ապահովում է մոտ 20–25 տոկոսանոց աճ։ 2013 թ.–ի արդյունքում ոլորտի աճը կազմել է 22 տոկոս։
Հայաստանի ՀՆԱ–ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը միչև 2010 թ.–ը կազմում էր մոտ 5 տոկոս, ինչից հետո այդ ցուցանիշը նվազեց, և 2013 թ.–ի տվյալներով` այն կազմել է ՀՆԱ–ի շուրջ 2 տոկոսը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին` ՏՏ ոլորտի ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտում կատարվող ուսումնասիրությունները խրախուսելու նպատակով։ –0–