USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Պատահականորեն մտածված նախագիծը դարձել է DigiCamp ճամբարի լավագույն նախագծերից մեկը

13.09.2013, 17:50
«Քաշովի լավաշ» նախագիծը, ինչի գաղափարը մասնակիցների մոտ առաջացել էր հենց DigiCam ճամբարի ընթացքում, արժանացել է 300.000 ՀՀ դրամ մրցանակի։

Պատահականորեն մտածված նախագիծը դարձել է DigiCamp ճամբարի լավագույն նախագծերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Քաշովի լավաշ» նախագիծը, ինչի գաղափարը մասնակիցների մոտ առաջացել էր հենց DigiCam ճամբարի ընթացքում, արժանացել է 300.000 ՀՀ դրամ մրցանակի։

Անձեռոցիկների պես տուփից լավաշի կտորներ քաշելու գաղափարն առաջացել է ճամբարի մասնակիցների մոտ պատահական, երբ նրանք հանգստի ժամանակ քննարկում էին լավաշի օգտագործման էսթետիկ կողմը։ Որոշվել է, որ լավաշն անձեռոցիկի պես կարելի է փաթեթավորել տուփերի մեջ։ Ճամբարի մասնակիցները նույնիսկ նախագծել են իրենց նոու–հաուի մոդելն ու տարբերանշանը։

DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձիք: DigiCamp-ի ընթացքում մասնակիցները ծանոթացան ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ:

Ճամբարի ավարտին գլխավոր մրցանակի արժանացավ «I need» նախագիծը, որի մշակողներն առաջարկում են ավելի հարմարավետ և հասանելի դարձնել տաքսու օտագործումը վարորդների վարկանիշային համակարգի ներդրման օգնությամբ, որը կգնահատի ճշտապահությունը, կոկիկությունն ու հուսալիությունը։ Բացի այդ, նրանք առաջարկում են միևնույն ուղղությամբ գնացող ուղևորների ուղևորավարձը կիսելու համակարգ ներդնել։ Նախագծի մշակողներն արժանացան 200 հազար դրամ մրցանակի, ինչպես նաև նրանք ստացան հնարավորություն առանձին տաղավարով ներկայանալ DigitTec 2013 տեխնոլոգիական ցուցահանդեսին։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կողմից կազմակերպված ճամբարի գլխավոր գործընկերը «ԱրմենՏել» ընկերությունն էր։ «Համոզված եմ, որ այսօր ձեր մեջ կան ապագա Բիլ Գեյթսեր և Սթիվ Ջոբսեր, այդ պատճառով ինձ շատ հաճելի է այսօր ողջունել ձեզ այստեղ։ Մենք` «ԱրմենՏելն» ու «Բիլայնը», գիտակցորեն ընդլայնում ենք սոցիալական պատասխանատվության և սոցիալական օգնության ծրագիրը նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը։ Իսկ դուք` Հայաստանի ամենապրոգրեսիվ երիտասարդությունը, կարևորագույն հատվածն եք, որի հետ մենք միշտ կաշխատենք», – նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ամառային ճամբարի արդյունքում կազմակերպիչներն ընտրել են հինգ լավագույն նախագծեր, որոնց DigiTec 2013 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ միասնական տաղավար կտրամադրվի։

«Մեր նպատակն է ստեղծել որոշակի հայկական Սելիգեր, այսինքն` մի վայրում համախմբել տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի նրանք ճանաչեն միմյանց, իսկ մենք կկարողանանք նրանց ապահովել լավագույն դասընթացներով», – ասել է UITE–ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում:

ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

2013թ. մարտի  31-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով:–0–