Sony–ն Retina էկրանով սմարթֆոն է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Sony Mobile Communications ընկերությունը (հայտնի է որպես Sony Ericsson) ներկայացրել է իր նոր Sony Xperia SL սմարթֆոնը։ Ինչպես նշում է Pocket-lint–ը, նոր մոդելը գալիս է փոխարինելու Xperia S–ին, որը ծանուցվել էր 2012 թվականի հունվարին, հաղորդում է cnews.ru–ն։
Sony Xperia SL–ի առանձնահատկությունն էկրանն է, որը գերազանցում է Apple–ի iPhone 4–ը և iPhone 4S–ն իր թողունակությամբ։ Xperia SL–ի տվյալ պարամետրը հավասար է 342 ppi (մեկ դյույմին բաժին ընկնող պիքսելները)` «խնձորի» վերջին սմարթֆոնների 326 ppi–ի համեմատ։ Ավելին, Sony–ի սմարթֆոնի էկրանն առավելություն ունի նաև իր չափերով` անկյունագիծը կազմում է 4.3 դյույմ` iPhone–ի 3.5 դյույմի համեմատ։
Xperia SL էկրանն առաջարկում է պատկերի ամենաբարձր հստակություն Sony Mobile–ի բոլոր պրոդուկտների և գոյություն ունեցող բոլոր սմարթֆոնների շարքում, ասվում է արտադրողի կայքում (թեև, օրինակ, նույն Xperia S–ն ունի պիքսլեների նույն խտությունը)։ Էկրանը պատրաստված է Reality Display տեխնոլոգիայով և զինված է Mobile Bravia Engine մարտկոցով։ Թողունակությունը կազմում է 1280 x 720 պիքսել։
Sony Xperia SL–ն ունի 1.7 ԳՀց (Xperia S –ում` 1,5 ԳՀց) հաճախականությամբ Qualcomm MSM8260 երկմիջուկային պրոցեսոր և 12.1 ՄՊ խցիկ ավտոֆոկուսով և լուսադիոդային փայլատակումով։ Նորույթի հիմքը Google Android 4.0 (Ice Cream Sandwich) պլատֆորմն է։ Սարքի չափերն են` 128 x 64 x 10,6 մմ, քաշը`144 գրամ։
Արտադրողի նշած ավտոնոմ ռեժիմի ժամանակն է` մինչև 8 ժամ խոսակցության ռեժիմում, մինչ 410 ժամ սպասելու ռեժիմում, մինչև 33 ժամ երաժշտության վերարտադրման կամ մինչև 6.5 ժամ` վիդեոյի ռեժիմում։
Sony Xperia SL–ը կթողարկվի չորս գույներով` արծաթագույն, սև, սպիտակ և վարդագույն։ Մոդելի արժեքը և վաճառքում հայտնվելու ժամկետը չեն հաղորդվում` Sony–ի կայքում տեղադրված են միայն լուսանկարներն ու նորույթի առանձնահատկությունները։ Լրացուցիչ տեղեկությունն ակնկալվում է IFA ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի օգոստոսի վերջին–սեպտեմբերի սկզբին։
-0-