USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

LG–ն ներկայացրել է առաջիկա ծրագրերը` Firefox OS–ով աշխատող պլանշետ, «խելացի» ժամացույց և սմարթֆոն

22.08.2013, 12:33
LG Electronics ընկերությունը պատրաստվում է Firefox OS–ով աշխատող նոր պլանշետոֆոն, պլանշետ, սմարթֆոն և «խելացի» ժամացույց ներկայացնել։ Այդ բոլոր նորույթները կներկայացվեն մինչև 2013թ.–ի ավարտը կամ հաջորդ տարվա սկիզբը, հաղորդում է Endgadget–ը` վկայակոչելով Բուլղարիայում LG  բջջային բիզնեսի ղեկավար Դիմիտար Վալևին (Dimitar Valev)։
LG–ն ներկայացրել է առաջիկա ծրագրերը` Firefox OS–ով աշխատող պլանշետ, «խելացի» ժամացույց և սմարթֆոն
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. LG Electronics ընկերությունը պատրաստվում է Firefox OS–ով աշխատող նոր պլանշետոֆոն, պլանշետ, սմարթֆոն և «խելացի» ժամացույց ներկայացնել։ Այդ բոլոր նորույթները կներկայացվեն մինչև 2013թ.–ի ավարտը կամ հաջորդ տարվա սկիզբը, հաղորդում է Endgadget–ը` վկայակոչելով Բուլղարիայում LG  բջջային բիզնեսի ղեկավար Դիմիտար Վալևին (Dimitar Valev)։

Ըստ PhoneArena–ի տեղեկատվության, G Pad անվանումով LG պլանշետը կգործարկվի երկու տարբերակով` LG-V500 և LG-V507L։ Սարքը զինված կլինի 1920 x 1200 պիքսել թողունակությամբ 8,3 դյույմանոց էկրանով, 4–միջուկանի պրոցեսորով (հավանաբար Qualcomm Snapdragon 800) և 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ LG-V507L տարբերակը կունենա նաև LTE տեխնոլոգիայի աջակցություն։

Ավելի վաղ LG–ն արդեն արտադրել էր պլանշետներ, ներառյալ Optimus Pad–ը, սակայն 2012թ.–ի հունիսին Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ընկերությունը հրաժարվել է նման սարքեր արտադրելու ծրագրերից` որոշելով կենտրոնանալ սմարթֆոնների վրա։ Վալևը հաստատում է, որ այսօր «արագ զարգացող շուկայում երկրորդ փորձ կատարելու ժամանակն է»։

LG–ի նոր պլանշետոֆոնը զինված կլինի 6 դյույմանոց էկրանով, կես դյույմով մեծ կլինի Optimus G Pro հսկայական սմարթֆոնից և 0,7 դյույմով` LG G2–ից։

Ինչ վերաբերում է «խելացի» ժամացույցներին, ապա դրանք, ըստ Վալևի, հավանաբար ճկուն էկրան կունենան։ Այդ արտադրանքը նախատեսվում է ներկայացնել հաջորդ տարի, հաղորդում է cnews.ru–ն։

«Խելացի» ժամացույցները սպառողական էլեկտրոնիկայի հեռանկարային սարքերից են։ Ըստ Canalys կանխատեսման, 2013թ.–ին «խելացի» ժամացույցների մատակարարումը համաշխարհային շուկայում հասել է կես միլիոնի, իսկ 2014թ.–ին` ավելի քան 5 միլիոնի։ Անցյալ տարի մատակարարումների ծավալը կազմել է 330 հազար օրինակ։ Samsung ընկերությունը նախատեսում է նման սարք ներկայացնել սեպտեմբերի 4–ին։

Պատմելով «խելացի» ժամացույցների մասին` LG ներկայացուցիչը հիշեցրել է LG GD910 Watch Phone անվանումով սարքի մասին։ Դա ժամացույցի տեսք ունեցող ապարանջան է, որն ունի ներկառուցված հեռախոս և փլեյեր։ 2009թ.–ին, երբ այդ արտադրանքը գործարկվեց, շուկան պատրաստ չէր դրան, խոստովանել է Վալևը։ Այժմ, ըստ նրա, իրավիճակն այլ է։

2014թ.–ի սկզբին ընկերությունը նախատեսում է ներկայացնել իր առաջին սմարթֆոնը, որը կաշխատի Firefox OS–ով։ Հիշեցնենք, որ այդ համակարգով աշխատելու մտադրության մասին ընկերությունը հայտնել էր այս տարվա փետրվարին։

LG ներկայացուցիչը նաև պարզաբանել է Windows Phone հարթակի վերաբերյալ ծրագրերը։ Նա պատմել է, որ հետագայում մտադիր են վերսկսել այդ հարթակում սարքերի գործարկումը, սակայն ոչ շուտ, քան հաջորդ տարի։ Նախկինում LG–ն սարքեր է գործարկել Windows Phone 7–ի կառավարմամբ, սակայն վաճառքի ոչ մեծ ցուցանիշների պատճառով հրաժարվել է դրանցից։

Ըստ IDC–ի տվյալների, 2013թ.–ի երկրորդ եռամսյակում LG–ն մատակարարումների ծավալով սմարթֆոն արտադրող երրորդ ընկերությունն է աշխարհում` շուկայում ունեցած 5,1 տոկոս մասնաբաժնով։ Նշված ժամանակահատվածում ընկերությունն ավելացրել է ծավալները 108,6 տոկոսով, ինչը երկրորդ արդյունքն է Lenovo–ից հետո, որը 130,6 տոկոսով ավելացրել է մատակարարումները։ –0–