Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ կանցկացվի հունիսին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ, որի հաղթողը կստանա $10 հազար, տեղի կունենա հունիսին Երևանում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Նրա խոսքերով` հունիսի 12-13-ին կանցկացվի մրցույթի եզրափակիչը։ Մրցույթին կմասնակցեն ինչպես ծրագրավորողներ, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ունեն նորարար գաղափարներ ԱՊՀ երկրներից և Վրաստանից։
«Սա ամենամեծ նախաձեռնությունն է, որը ստեղծվել է կես տարի առաջ Հայաստանում mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կողմից, նպատակն է խթանել մոբայլ հավելվածների մշակումը բոլոր տեխնոլոգիաների օգտագործմամբ` Android, Windows, IOS և այլն»,– ասաց Ենգիբարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Ներկայում, Ենգիբարյանի խոսքով, ներկայացվել է ավելի քան 80 հայտ, ընդ որում` այդ ոլորտում առաջատարը Տաջիկստանն է` 40 հայտով, նրան հաջորդում է Ուզբեկստանը 9 հայտով։ Հայաստանն ութ հայտով առայժմ զբաղեցնում է երրորդ տեղը։ Հայտեր են ստացվել ԱՊՀ բոլոր երկրներից և Վրաստանից, բացի Ադրբեջանից, ինչը կազմակերպիչների ափսոսանքն է առաջացրել։
mLab ECA տնօրեն Մարիամ Դավթյանի խոսքով` իրավիճակը կտրուկ կարող է փոխվել ապրիլի 26-ին Երևանում կայանալիք «Գաղափարների ձևավորման» միջոցառումից հետո, որը կսկսվի ապրիլի 26-ին, ժամը՝ 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Այդ փուլում ստեղծարար գաղափարներով մարդիկ կբաժանվեն խմբերի և մարզիչների ղեկավարությամբ կմշակեն և կներկայացնեն իրենց հայեցակարգերը։ Այդ փուլի հաղթողը կստանա 500 դոլար։ Հատուկ մրցանակներ են սպասում այն թիմերին, որոնք կներկայացնեն առավելագույն թվով գաղափարներ և ամենահետաքրքիր հայեցակարգերը։ Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 29–ն է։
«Այդ մրցույթների արդյունքում մենք հույս ունենք նոր ծրագրեր բացել Skype կամ Dropbox մակարդակով, և դա միանգամայն իրատեսական է»,– նշեց Մարիամ Դավթյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանում արդեն այսօր հաջողությամբ աշխատում է ավելի քան տասը նախագիծ, որոնք շահույթ են բերում օգտագործողների բեռնումներից։ Կազմակերպիչների կարծիքով` այդ մրցույթը պետք է նաև պլատֆորմ դառնա Հայաստանի` ԱՊՀ մոբայլ հավելվածների շուկա դուրս գալու համար։
Մրցույթի կազմակերպիչները խոստանում են, որ անկախ արդյունքներից` լավագույն գաղափարները առաջխաղացման և առևտրայնացման օժանդակություն կստանան։
Երիտասարդ նորարարների աշխատանքները կգնահատի միջազգային ժյուրին, որի կազմում կլինեն բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները։
Մրցույթի առաջին փուլի ֆինանսավորումը կազմել է 520 հազար դոլար` հատկացված Ֆինլանդիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից, կազմակերպիչների խոսքով` բացի ֆինանսականից, նրանք ստացել են նաև այլ տեսակի աջակցություն, այդ թվում` Nokia ընկերությունից։
mLab ECA–ն բջջային կոնտենտով և հավելվածների ստեղծմամբ աշխատող նորարարական ձեռնարկությունների տարածաշրջանային մրցունակության բարձրացման համակարգող կենտրոնն է։ -0-