Microsoft–ը շարժական սարքերի համար նախատեսված ծալվող ստեղնաշար է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է դյուրակիր Bluetooth–ստեղնաշար, որն աշխատում է iOS, Android օպերացիոն համակարգերով գործող շարժական սարքերի և, իհարկե, Windows Phone–ի հետ, հաղորդում է Newsru.com–ը` հղում անելով Geek Times պորտալին։
Ինչպես նշում է The Verge–ը, ընկերությունը նմանատիպ սարք էր ներկայացրել 2014 թ.–ի սեպտեմբերին, սակայն Բարսելոնայում ներկայացված Microsoft Universal Foldable Keyboard ստեղնաշարը ծալվող է, ինչն էապես դյուրացնում է ստեղնաշարի տեղափոխումը։
Նոր ստեղնաշարն ունի հատուկ փոխարկիչ տարբեր օպերացիոն համակարգերի և սարքերի աշխատանքի ռեժիմների համար։ Ստեղնաշարի ավտոնոմ աշխատանքի ժամանակը կարող է հասնել երեք ամսվա, իսկ լիցքաթափված կուտակիչի տասը րոպե լիցքավորումը պետք է բավարարի մեկ ժամ աշխատելու համար։ Ըստ ընկերության տեղեկատվության` ստեղնաշարը ջրակայուն է։
Microsoft–ը նախատեսում է հուլիսից սկսել Microsoft Universal Foldable Keyboard–ի վաճառքը։ Սարքի արժեքը կկազմի 100 ԱՄՆ դոլար։–0–