LG–ն սեփական քերծվածքները «բուժող» և ճկվող սմարթֆոն է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. LG–ն պաշտոնապես ներկայացրել է ճկվող դիսփլեյով իր առաջին սմարթֆոնը, հաղորդում է Vesti.ru–ն։
Տեղեկատվության բազմաթիվ արտահոսքերից հետո (սարքն անգամ ցուցադրեցին հեռուստատեսությամբ) կորեական ընկերությունն արդեն չէր կարող ոչինչ թաքցնել։ Սակայն ընկերությունը կարողացավ զարմացնել. սմարթֆոնի կորպուսն իբրև սեփական քերծվածքներն ինքնուրույն «բուժելու» հատկություն ունի։
LG G Flex–ը, ինչպես արդեն հայտնի էր տեղեկատվության արտահոսքից, ունի 6–դյույմանոց ճկուն OLED դիսփլեյ, որը թույլ է տալիս սարքին ճկվող լինել։ Սարքն ունի 7,9–8,7 մմ հաստություն, կշռում է 177 գրամ։ Թեև էկրանի թույլտվությունը հիասթափեցրել է` 1280x720։
Քանի որ մրցակից Samsung–ն իր ճկվող սարքն ավելի շուտ է ներկայացրել, LG G Flex–ը չստացվեց կոչել «աշխարհում առաջին ճկվող սմարթֆոն»։ Սակայն LG–ում կոչեցին այն «աշխարհում առաջին ԻՐԱԿԱՆ ճկվող սմարթֆոն»։ Ընկերությունում պնդում են, որ իր էրգոնոմիկայով և ֆունկցիոնալությամբ LG G Flex–ը գերազանցում է մրցակցին։ Այսպես, ճկվողության ձևը կրկնում է մարդկային դեմքի եզրագիծը, ինչի շնորհիվ այդ սմարթֆոնով ավելի հարմար է խոսել։
Հետաքրքիր անակնկալ էր LG G Flex–ի հետևի մասի ծածկույթի մասին տեղեկությունը։ Հետևի մասի հատուկ թաղանթը պատրաստված է այնպիսի նյութից, որը մի քանի րոպեի ընթացքում ի վիճակի է «բուժել» ոչ մեծ քերծվածքները։
Նոր սարքի հրաշալի հատկություններն առաջիկայում կարող են ստուգել միայն Հարավային Կորեայի բնակիչները, որտեղ սմարթֆոնը վաճառքի կհանվի նոյեմբերին։ LG–ն ոչինչ չի հաղորդում հայրենիքի սահմաններից դուրս սմարթֆոնը վաճառելու մասին։–0–