USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Skype-ը հաստատել է 3D-տեսազանգերի տեխնոլոգիաների մշակումը

30.08.2013, 11:57
Skype–ի IP-հեռախոսակապի ծառայության թոփ–մենեջերը հաստատել է, որ ընկերությունը 3D ձևաչափով տեսազանգերի տեխնոլոգիաներ է մշակում, սակայն նախազգուշացրել է, որ մինչև դրանց շուկայական թողարկումը կարող են տարիներ պահանջվել, գրում է digit.ru –ն` հղում անելով Բի–բի–սի–ին։
Skype-ը հաստատել է 3D-տեսազանգերի տեխնոլոգիաների մշակումը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Skype–ի IP-հեռախոսակապի ծառայության թոփ–մենեջերը հաստատել է, որ ընկերությունը 3D ձևաչափով տեսազանգերի տեխնոլոգիաներ է մշակում, սակայն նախազգուշացրել է, որ մինչև դրանց շուկայական թողարկումը կարող են տարիներ պահանջվել, գրում է digit.ru –ն` հղում անելով Բի–բի–սի–ին։

Skype–ի տասնամյա հոբելյանի նախաշեմին Բի–բի–սի–ին բացառիկ հարցազրույց է անցկացրել Skype–ի փոխնախագահ Մարկ Ժիլեթի (Mark Gillett) հետ։ Սակայն 3D-տեսազանգերի ուղղությամբ աշխատանքի մասին լուրերը պտտվում էին այս տարվա ապրիլից, երբ Skype–ը հայտարարել էր, որ ցանկանում է ստեղծել, այսպես կոչված, երկվորյակներ այն աշխատակիցների համար, ովքեր կորպորատիվ ժողովներին մասնակցում են հեռակա։

«Մենք լաբորատորիաներում ուսումնասիրել ենք 3D-էկրանների և 3D-տեսագրման հնարավորությունները։ Նկատել ենք լուրջ առաջընթաց էկրաններում` շատերն արդեն գնում են հեռուստացույցներ և մոնիտորներ 3D-պատկերի փոխանցման հնարավորությամբ։ Սակայն տեսագրող սարքերը դեռ հետ են մնում»,– նշել է Ժիլեթը։ Նրա խոսքով` ներկայում Skype–ը 3D-զանգերի ուղղությամբ աշխատանքում տեղադրում է մի քանի խցիկներ, հստակ տրամաչափում է կատարում և ուղղում է օբյեկտի վրա որոշակի անկյունի տակ։ «Մենք ուսումնասիրում ենք սարքերի էկոհամակարգը և դրանց հնարավորությունները, որ որոշում ընդունենք, թե երբ ենք քննարկելու` թողարկե՞լ նման բան, թե ոչ»,– ասել է Skype–ի թոփ–մենեջերը։

Եթե Skype–ը որոշել է 3D-տեսազանգեր ունենալ, դա կխրախուսի 3D-սարքերի և կոնտենտի այն մատակարարողներին, որոնց շուկան ճահճացում է դրսևորում։ Այսպես, ESPN մեդիաընկերությունը վերջերս հայտնել էր, որ հրաժարվում է 3D-ալիքից, իսկ ԲԻ–բի–սի–ն նույնպես կդադարեցնի 3D–ի հետ երկամյա փորձը` «Դոկտոր Ով» սերիալի հոբելյանական դրվագի հեռարձակումից հետո։

Ավելի վաղ այս տարի Skype–ը հայտարարել էր, որ Super HD (1080p) ձևաչափով տեսազանգեր կապահովի` թողարկման պատրաստ Xbox One կոնսոլով։ Ժիլեթի խոսքով, ծառայությունը մտածում է նաև այլ սարքերում` պլանշետներչում, նոութբուքերում, խաղային կոնսոլներում, մասնավորապես,  Sony PlayStation–ում նման հնարավորության մասին։ Նշենք, որ մրցակցող  Google Hangouts ծառայությունը հայտարարել է վիդեոն մինչև HD (720p) բարձրացնելու հնարավորության գործարկման մասին, որը Google+ դեսքթոփային տարբերակի  բոլոր օգտագործողներին հասանելի կդառնա առաջիկա շաբաթներին։ -0-