Windows 8.1–ի նախնական տարբերակը կթողարկվի հունիսի 26–ին
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը հունիսի 26–ին կթողարկի Windows 8.1 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը, որը նախկինում հայտնի էր Windows Blue աշխատանքային անվամբ, գրում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Windows 8.1–ի վերջնական տարբերակը կթողարկվի մինչև ընթացիկ տարեվերջ։ 2012թ.–ի աշնանը գործարկված Windows 8 ելքային տարբերակի համեմատ թե ինչպիսի փոփոխություններ կկատարվեն` ընկերությունը դեռ չի պարզաբանում։ Windows մշակման գծով Microsoft ստորաբաժանման ֆինանսական տնօրեն Թամի Ռելերը (Tami Reller) նախկինում` մայիսին, պատրաստվող նորացումն անվանեց «հաճախորդների արձագանքներին պատասխանելու հնարավորություն»։ Windows 8–ի առավել հաճախ հիշատակվող թերություններից մեկն ինտերֆեյսում «Մեկնարկ» ավանդական կոճակի բացակայությունն է։
Մինչև 8.1 տարբերակի նորացումները հասանելի կդառնան Windows Store հավելվածների խանութի միջոցով։ Բացի Windows 8–ի նորացումից, կլինի նաև Windows RT–ն` ARM-պրոցեսորներով համակարգիչների համար համակարգի տարբերակ։ Առանձին Microsoft–ը նշում է Windows 8–ի օգտատերերի համար այդ նորացման անվճարությունը, որը, ընդ որում համապատասխանում է ընկերության հաստատված քաղաքականությանը, ըստ որի` մեկ տարբերակի շրջանակներում նորացումներն անվճար են։ –0–