iPhone 5–ի բյուջետային տարբերակը վաճառքում կհայտնվի այս տարի. The Daily Telegraph
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Apple ընկերության iPhone 5–ի բյուջետային տարբերակը պլաստիկ ծածկույթ կստանա և կզրվի Retina էկրանից։ Ինչպես ուրբաթ նշում է The Daily Telegraph բրիտանական թերթի էլեկտրոնային տարբերակը, խանութներում սմարթֆոնի հայտնվելու հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն դրա արտադրությունը պետք է մեկնարկի արդեն այս տարվա հունիսին, գրում է tasstelecom.ru–ն։
Ըստ պարբերականի տվյալների` «հեշտացրած» գաջեթի պլաստիկ ծածկույթի առկայությունը և Retina էկրանի բացակայությունը սարքի կրկնակի էժանացման կբերի։ Սակայն այդ տեղեկատվությունը հակասում է հունվարին մամուլում հայտնված տեղեկատվությանը։ Այդ ժամանակ տեղեկացվում էր, որ հեռախոսի բյուջետային տարբերակը կունենա Retina էկրան և լիցքավորման համար նախատեսված նոր բնիկ /Lightning/։ Այդ iPhone–ի գինը, ըստ նախնական տվյալների` կկազմի մոտ 330 դոլար, ինչը թույլ կտա Apple–ին ներգրավվել Չինաստանի և Հնդկաստանի միջին կարգի սպառողներին։
Այդուհանդերձ, ինչպես նշում են փորձագետները, նորացված iPhone 5S–ը հնարավոր կլինի գնել խանութներից արդեն ընթացիկ տարվա հունիս–հուլիս ամիսներին։ Սարքը նոր տեսախցիկ կունենա։ Մասնագետները նաև կարծում են, որ iPad և iPad Mini պլանշետային համակարգիչների հինգերորդ սերունդը կհայտնվի արդեն այս տարվա հոկտեմբերին։ Սակայն սարքի առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասնություններ չի տեղեկացվում։ –0–