ՀՀ-ում արդեն հասանելի է Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը. ԲՏԱ նախարար
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը արդեն հասանելի է Հայաստանում, ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Սա հեղափոխական հնարավորություն է տարբեր ոլորտների մասնագետների համար՝ ստեղծելու բարձրորակ, սյուժետային կամ գեղարվեստական տեսանյութեր ընդամենը տեքստային հրահանգով (prompt)»,- գրել է Հայրապետյանը Facebook-ի իր էջում։
ԲՏԱ նախարարը նշել է, որ Veo 3-ը կարող է կիրառվել մի շարք ոլորտներում։ Դրանք են.
-Կինեմատոգրաֆիա և գովազդ - տեսանյութերի ստեղծում առանց նկարահանման թանկարժեք գործընթացի
-Կրթություն -կրթական բովանդակության վիզուալիզացիա՝ պատմական, տեխնոլոգիական կամ այլ թեմաներով
-Լրագրություն և մեդիա - վիզուալ պատմություններ, վիզուալ հաղորդագրություններ ստեղծելու նոր ձև
-Մշակույթ և արվեստ - մշակութային ժառանգության ներկայացում, ժամանակակից արվեստի նոր ձևաչափեր
-Գիտություն և հետազոտություն - գիտական երևույթների մոդելավորում և վիզուալ բացատրություն
-Բիզնես և մարքեթինգ - գովազդ, բրենդային պատմություններ
Հայրապետյանը նաև նշել է այն ռիսկերը, որոնք անհրաժեշտ է նկատի ունենալ։ Դրանք են.
-Մեդիամանիպուլյացիայի հնարավորություն – իրականության աղավաղում, սխալ տեղեկատվության տարածում
-Անձնական տվյալների չարաշահում – իրական մարդկանց տեսքի օգտագործման վտանգ
-Հոգեբանական ազդեցություն – իրականից ոչնչով չտարբերվող տեսալսողական բովանդակության միջոցով հոգեբանական ներազդում
-Իրավական և էթիկական հարցեր – հեղինակային իրավունքի խախտում, վիզուալ deepfake բովանդակություն
«Մենք՝ որպես տեխնոլոգիաներ օգտագործող հասարակություն, պետք է ունենանք բավարար գիտելիքներ՝ ինչպես օգտագործել այս գործիքը նորարարական նպատակներով և միևնույն ժամանակ՝ պատասխանատու կերպով։ Մեր համոզմունքն այն է, որ տեխնոլոգիան պետք է ծառայի ոչ թե մոլորեցմանը, այլ՝ հաղորդակցության բարելավմանը, արվեստին և գիտելիքի տարածմանը։ Պետք է պատասխանատու ու մեդիա գրագետ լինենք, գիտակցենք, որ առաջին հայացքից վստահելի թվացող տեսանյութը կարող է լինել արհեստածին։ Ուստի, պետք չէ կամայական տեսած տեսանյութն ակնթարթորեն տարածել սոցցանցերում՝ առանց ստուգելու այն»,-հավելել է Հայրապետյանը։