Հերթերի կառավարման համակարգի պահանջարկը ՀՀ–ում աճում է ֆինանսական ինստիտուտների և պետհաստատությունների հաշվին
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աճում է հերթերի կառավարման համակարգի պահանջարկը, մասնավորապես, բանկային համակարգում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց LimeTech հայկական ընկերության վաճառքների մենեջեր Տաթևիկ Ղարիբյանը։
«Մենք զբաղվում ենք բիզնեսի ավտոմատացման համակարգերի արտադրությամբ 2008 թվականին հիմնադրման պահից։ Այսօր մենք առաջարկում ենք հերթերի կառավարման համակարգ, որը բավականին նոր երևույթ է Հայաստանի համար և ամենից հաճախ կիրառվում է բանկերում»,– ասաց նա։
Ղարիբյանը նշեց, որ տվյալ համակարգի պահանջարկն ապահովում են բանկերը, կապի օպերատորները և հեռահաղորդակցաական ընկերությունները, ապահովագրական ընկերությունները, մի շարք գերատեսչությունների սպասարկման կենտրոններ, դեսպանություններ և բուժհաստատություններ։
Ըստ նրա, համակարգը թույլ է տալիս կանխել ֆիզիկական հերթերը, նպաստում է սպասարկման մակարդակի բարձրացմանը, հաճախորդների սպասելու ժամանակի կրճատմանը, VIP հաճախորդների առաջնահերթ սպասարկմանը, ինչպես նաև կնքված գործարքների գաղտնիության ապահովմանը հերթերի բացակայության դեպքում։
LimeTech–ի մենեջերը նաև հայտնեց, որ ընկերությունն առայժմ աշխատում է միայն հայկական շուկայում, բայց աշխարհագրության ընդլայնման ծրագրեր կան։
Մասնավորապես, նրա խոսքով, LimeTech–ը մտադիր է իր արտադրանքը ներկայացնել «DigiTec Expo 2012» տեղեկատվական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսին։
Երևանում ութերորդ ամենամյա Digitec Expo-12 ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը:--0--