USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանն աննախադեպ հաջողությունների է հասել Թբիլիսիում կայացած «GITI-2012» ՏՏ մրցույթում՝ նվաճելով յոթ մրցանակ

26.11.2012, 14:35
Հայկական պատվիրակությունն աննախադեպ հաջողությունների է հասել ՏՏ համաժողովի և «GITI-2012» մրցույթի ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 14-17-ը Թբիլիսիում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ղեկավարի տեղակալ Վահան Հովսեփյանը:
Հայաստանն աննախադեպ հաջողությունների է հասել Թբիլիսիում կայացած «GITI-2012» ՏՏ մրցույթում՝ նվաճելով յոթ մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական պատվիրակությունն աննախադեպ հաջողությունների է հասել ՏՏ համաժողովի և «GITI-2012» մրցույթի ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 14-17-ը Թբիլիսիում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ղեկավարի տեղակալ Վահան Հովսեփյանը:

«Այս տարի մենք յոթ մրցանակ նվաճեցինք, որն աննախադեպ արդյունք է: Հայկական կողմը բացարձակ առավելություն ուներ բիզնես միջավայրում, որտեղ մենք հաղթեցինք վեց ներկայացված անվանակարգերից հինգում»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հովսեփյանը:

X-TECH ընկերությունը, մասնավորապես, ներկայացրեց CityBugs նախագիծը՝ նվաճելով «Տարվա լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» մրցանակները:

Վերջերս ստեղծված E-Agro ընկերությունը մրցույթին ներկայացել էր գյուղատնտեսության ոլորտի նույնանուն նախագծով՝ լավագույնը դառնալով համալրային բիզնես լուծման ոլորտում:

Innovative Greenhouse ընկերությունը հաղթող ճանաչվեց լավագույն «B2B լուծում» անվանակարգում, իսկ «Ինսթիգեյթ» ընկերությունը մրցանակ ստացավ ՏՏ կրթության ոլորտի «Վերապատրաստման Գորիսի կենտրոն» նախագծի համար:
 
Երկու մրցանակ ստացավ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն «Բիզնես գործընթացները խթանող ՏՏ ոլորտի ամենահաջող նորարարական լուծում» և «Լավագույն տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում:  Կադաստրի պետական կոմիտեն, մասնավորապես, ներկայացրեց ավտոմատ գրանցման համակարգը, որը գործում է 2012թ.-ի սկզբից և e-cadastre.am տեղեկատվական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են էլեկտրոնային հայտեր ներկայացնել և առցանց ռեժիմով իրականացնել իրենց բոլոր գործողությունները:
 
«Եվս մեկ` «Gallery systems» հայկական ընկերությունն ընդամենը մեկ միավորով  զիջեց խոշորագույն վրացական ինտեգրատորին»,- ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ հայկական պատվիրակության առավել շատ աջակցություն ցուցաբերեց Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը, մասնավորապես, Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC/USAID):  Ըստ UITE ղեկավարի տեղակալի՝ հատկապես USAID-ի նախաձեռնությամբ  է. որ Հայաստանը 2008թ.-ից մասնակցում է ՏՏ մրցույթին: «Այսօր մենք ձևական աջակցությունից գործնական աջակցության ենք անցնում»,- ասաց Հովսեփյանը:

Նա ընդգծեց, այս տարի «GITI-2012»-ում «Հայկական անկյուն» ՏՏ տաղավարը շատ լավ ներկայացվեց, իսկ Հայաստանի հաջողությանը նպաստեց թիմային ոգին:

Խոսելով բիզնես ոլորտի հաջողության պատճառների մասին` Հովսեփյանը նշեց, որ հայկական մասնավոր ՏՏ հատվածն առավել լավ է զարգացած, քան Վրաստանում, որտեղ շեշտը դրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա՝ հիմնականում պետական մակարդակով:

Համաժողովին և մրցույթին մասնակցած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին 21 կազմակերպությունների, պետական մարմինների և երիտասարդական նախաձեռնությունների 50 ներկայացուցիչներ: Միջոցառումն, ընդհանուր առմամբ, ուներ շուրջ 300 մասնակից՝ մասնավորապես Լատվիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Բուլղարիայից:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:--0--