USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հակալրտեսական նոր բջջայինի պատճառով Անգելա Մերկելը չի կարողանում զանգահարել իր նախարարներին

02.08.2014, 18:09
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի  (Angela Merkel) մոտ բարդություններ են առաջացել իր նախարարների հետ հատուկ  հեռախոսակապի պատճառով, քանի որ նրանց բջջային սարքերն անհամատեղելի են, գրում է գերմանական Bild պարբերականը։
Հակալրտեսական նոր բջջայինի պատճառով Անգելա Մերկելը չի կարողանում զանգահարել իր նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի  (Angela Merkel) մոտ բարդություններ են առաջացել իր նախարարների հետ հատուկ  հեռախոսակապի պատճառով, քանի որ նրանց բջջային սարքերն անհամատեղելի են, գրում է գերմանական Bild պարբերականը։

2013 թվականի աշնանը Spiegel գործակալությունը հայտնել էր այն մասին, որ ԱԱԳ–ն ավելի քան 5 տարի գաղտնալսել է մոտ 35 պետությունների ղեկավարների հեռախոսային խոսակցություններ, ներառյալ Անգելա Մերկելը։ Այն ժամանակ նա վրդովմունք էր հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նշելով, որ նման գործելակերպը հանգեցնում է դաշնակիցների միջև վստահության խաթարման։ Արդյունքում ծրագիրը դադարեցվեց։ Ընդ որում` հաղորդվում էր, որ Օբաման չգիտեր դրա գոյության  մասին։

Այդ միջադեպից հետո Մերկելը որոշում ընդունեց փոխել իր բջջային հեռախոսը և կառավարության անդամների բջջային հեռախոսները, որ նրանց խոսակցությունները ոչ ոք չկարողանա գաղտնալսել։ 2014 թվականի հունիսին կանցլերը ստացավ 2.5 հազար եվրո արժողությամբ Secusmart ծածկագրող չիպով BlackBerry Q10, որն ապահովում է հեռախոսազանգերի և կարճ հաղորդագրությունների կոդավորում, հաղորդում է cnews.ru–ն։

Շուտով, սակայն, Մերկելի մոտ խնդիրներ են առաջացել։ Ինչպես պարզվել է, նախարարները ստացել են այլ տեխնոլոգիայով հեռախոսներ, ինչի արդյունքում նրանք չեն կարողանում զանգել Մերկելին։ Այսինքն, օրինակ, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը (Sigmar Gabriel) կարող է կապվել արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի (Frank-Walter Steinmeier) հետ, իսկ Անգելա Մերկելի հետ` ոչ, իսկ վերջինս չի կարողանում զանգահարել նրանցից և ոչ ոքի։

Դրանից հետո որոշում է ընդունվել երկրորդ հեռախոս տրամադրել նախարարներին, որը կունենար Secusmart տեխնոլոգիա։ Այժմ կառավարության անդամները ստիպված են երկու սարք ունենալ` մեկը նախարարությունների ղեկավարների հետ կապի համար, մյուսը` կանցլերի հետ կապվելու համար, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում։

Secusmart–ն Անգելա Մերկելի նոր սմարթֆոնի չիպի մշակողը 2007 թվականին հիմնված գերմանական ընկերություն է։ Այն զբաղվում է ձայնային զանգերի, էլեկտրոնային փոստի և տեքստային հաղորդագրությունների գաղտնագրման տեխնոլոգիայի մշակմամբ։ BlackBerry 10 (դրանց շարքին է դասվում նաև BlackBerry Q10–ը) սմարթֆոնների համար ընկերությունը թողարկում է պետությունների ղեկավարների կողմից օգտագործվող կապի բոլոր տեսակները գաղտնագրող SecuSuite լուծումը։

BlackBerry կանադական ընկերությունը մոտ օրերս հայտարարել է 2009 թվականից իր գործընկեր համարվող Secusmart–ը գնելու մասին։ Գործարքի պայմանները չեն հաղորդվում։ -0-