Google Glass–ի հավելվածների ստեղծման սեմինար կանցկացվի առաջին անգամ Երևանում 2014 թվականի սկզբին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Google Glass ինտերակտիվ սարքի համար հավելվածների (application) ստեղծման առաջին դասընթացը կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2014թ․ հունվարին, ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Google Glass-ը ակնոցի տեսքով կրելի համակարգիչ է, ունի տեսախցիկ և էկրան, որոնք հնարավորություն են տալիս տեսնել նկարներ և օգտատիրոջ միջերեսը (HMD — head-mounted display)։ Աջ աչքի կողմին բարձր որակի վիդեո տեսագրող խցիկն է։ Ակնոցի օգնությամբ կարելի է գործարկել Google–ի ծրագրերը, նայել օգտագործողի նկարներն ու ինտերֆեյսը։
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, դասընթացի ընթացքում «Թումոյի»` սահմանափակ թվով աշակերտներին և հայկական բուհերի ուսանողներին կներկայացվի Google Glass-ի ծրագրային փաթեթը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստեղծելու Google ակնոցի պարզ հավելված սիմուլյատորի միջոցով, այնուհետև փորձարկել և հարմարեցնել այն՝ օգտագործելով հենց Google Glass սարքը։
Հայաստանում Google Glass-ն առաջին անգամ ներկայացվել է 2013թ. սեպտեմբերին՝ Google ընկերության ավագ ծրագրավորող Իգոր Մահանյոկի ելույթի ընթացքում «Թումո»-ում կայացած DevFest Armenia կոնֆերանսի ժամանակ։
«Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների տեղեկատվական տեխնոլոգիաներին անվճար ուսուցման համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ և ուսուցանել դրանք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման համար: - -0--