Google-ը 542 մլն դոլար կներդնի լրացված իրականության ակնոցներ արտադրող ընկերության մեջ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը Magic Leap start-up ընկերությանը 542 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելու խոշորագույն վենչուրային գործարքներից մեկի առաջատար ներդրողը կդառնա: Magic Leap-ը մշակում է լրացված իրականության ակնոցներ և եռաչափ հատուկ էֆեկտներ, հաղորդում է «Ведомости»-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին (WSJ) և Financial Times-ին:
Ներդրողների թվում են նաև միկրոսխեման արտադրող Qualcomm ընկերությունը, Legendary Entertainment կինոընկերությունը, KKR մասնավոր ընկերությունը, Փոլ Ալլենի «Vulcan» ներդրումային ընկերությունն ու երեք վենչուրային ֆոնդեր՝ Kleiner Perkins Caufield & Byers-ը, Andreessen Horowitz-ը և Obvious Ventures-ը:
WSJ-ի աղբյուրների խոսքերով՝ այս գործարքում Magic Leap-ը գնահատվել է մոտ 2 մլրդ դոլար: Գործարքի արդյունքում Magic Leap-ի տնօրենների խորհրդի կազմում կընդգրկվեն Google-ի ներկայացուցիչները՝ Android և Chrome ստորաբաժանումների ղեկավար Սունդար Պիչային և կորպորատիվ զարգացման գծով փոխնախագահ Դոն Հարիսոնը:
Magic Leap-ը հիմնադրել է Ռոնի Էբովիտցը, ով նախորդ տարի իր՝ բժշկական ռոբոտոտեխնիկայի արտադրությամբ զբաղվող Mako Surgical ընկերությունը 1,65 մլրդ դոլարով վաճառեց Stryker կորպորացիային:
Magic Leap-ի մշակած ակնոցների օգնությամբ կարելի է տեսնել թվային օբյեկտներ, որոնք ներկառուցված են իրական աշխարհում: Ի տարբերություն մյուս smart-ակնոցների, որոնք պատկերն արտացոլում են ակնոցներին կցված փոքրիկ դիսփլեի վրա, ինչպես դա անում է Google Glass-ը, Magic Leap-ի մշակած ակնոցները պատկերը արտացոլում են ուղիղ աչքի ցանցաթաղանթի վրա: Էբովիտցը նշում է, որ Magic Leap-ն ապագայում կփոխարինի դյուրակիր համակարգիչներին և սմարթֆոններին: Մշակած տեխնոլոգիան նա անվանում է «կինեմատոգրաֆիական իրականություն»:
Այս տարի Google-ի մրցակից Facebook ընկերությունը 2 մլրդ դոլար էր վճարել Oculus Rift ընկերության համար, որը վիրտուալ իրականության սաղավարտ էր արտադրում:-0-