EIF–ն համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթ, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհները, տեղեկացրեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։
«Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել էր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարների մրցույթի մասին, որի հաղթողները կարող են ստանալ 10 հազարից մինչև 50 հազար դոլարի դրամաշնորհ։ Նա պարզաբանել է, որ գլոբալ նախագծերի համար կազմակերպիչների և ընկերությունների կողմից համաֆինանսավորումը կկազմի 50 տոկոս։ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը 85 տոկոսով կֆինանսավորվեն կազմակերպիչների կողմից, 15 տոկոսով` ընկերությունների կողմից։
Մրցույթի մասնակցության հայտերի վերջնաժամկետը դեկտեմբերի 26–ն է։ Հայտերի ներկայացման կարգն ու ձևը հասանելի են http://www.eif.am/arm/news/deal-generation-matching-grants-competition/ հղմամբ։
Հետաքրքրված հայտատուների համար դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00 կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»։
Ծրագրի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Համաշխարհային բանկը։–0–