ArmTab–ը պլանշետի արտաքին տեսքի դիզայնի և չիպերի մշակման ազատ մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական առաջին պլանշետներ արտադրող ArmTab ընկերությունը հայտարարում է պլանշետի արտաքին տեսքի դիզայնի և չիպերի մշակման ազատ մրցույթ, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասել է Technology and Science Dynamics Inc./Armtab Technology ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը։
Նա նշել է, որ ընկերությունն ընդունում է ցանկացած առաջարկ, նա կոչ է արել բոլորին ակտիվորեն մասնակցել մրցույթին, որի մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 17–ին ընկերության կայքում։ Նա նաև ընդգծել է, որ բոլոր առաջարկները կօգնեն ստեղծել ավելի «հայկական» ապրանք։
«Լավ առաջարկների առկայության դեպքում մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել, աշխատանքի ընդունել մշակողներին` արտադրության ողջ գործընթացն արագացնելու նպատակով», –ասել է Շաքարյանը։
Technology and Science Dynamics Inc.–ը Հայաստանի ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ՏՀՏ ընկերությունն է։
Technology and Science Dynamics Inc.–ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:
Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի վերջին։–0–