Առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի հեղինակը մտադիր է կրկնել հաջող փորձը. ծրագրավորող
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական հեքիաթի առաջին ինտերակտիվ տարբերակը, որի նախագիծն իրականացրեց երիտասարդ հայ ծրագրավորող Վահրամ Գևորգյանը, շարունակություն կունենա։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ծրագրավորողը։
Հայկական ինտերակտիվ հեքիաթների նախագիծը, որը երիտասարդ հայ ծրագրավորող Վահրամ Գևորգյանի անձնական նախաձեռնությունն է, կշարունակվի, ասուլիսի ընթացքում հայտնեց Գևորգյանը։
Դեռ անցյալ տարի Գևորգյանը սեփական նախաձեռնությամբ ստեղծեց Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի առաջին ինտերակտիվ տարբերակը, որը տեղադրվեց App Store–ում։ Հավելվածը նախատեսված է iPad–ի, iPhone–ի և iPad Touch–ի համար։ iPad–ի համար հավելվածի ներբեռնման արժեքը կազմում է 4 դոլար, iPhone–ի համար` 1 դոլար։ Հեքիաթը հնարավոր է լսել և ընթերցել երեք լեզուներով, ինչպես նաև դիտել` էկրանի նկարներին դիպչելու օգնությամբ ակտիվացնելով հերոսների սյուժետային գործողությունները։ Հավելվածը բաղկացած է տասը ինտերակտիվ էջերից։
«Նախագիծը կընդլայնվի` հաշվի առնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում հաջողությունը։ Հայաստանից և նրա սահմաններից դուրս հազարավոր բեռնումներ հավաքած հավելվածն արժանացել է App Store–ի փորձագետների բարձր գնահատականին։ Ես պատրաստվում եմ ևս մեկ ինտերակտիվ հեքիաթ ստեղծել, դեռ մտածում եմ հատկապես որն եմ ընտրելու, սակայն դա միանշանակ հայկական հեքիաթ կլինի»,– ասաց Գևորգյանը։
Նա նշեց, որ ձգտում է ինտերակտիվ կինոնկար ստեղծելիս պահպանել հայկական կոլորիտը, սակայն միաժամանակ չի սահմանափակվում հայկական տարրերով` մասնավորապես որպես ձայնային ուղեկցություն օգտագործելով արտասահմանյան դասական երաժշտությունը։ Հագուստի ձևավորումը նույնպես ամբողջությամբ չի կրկնում ժողովրդական ոճի տարրերը։
Գևորգյանը նշեց նաև, որ հեքիաթն օգտագործվում է Հայաստանի մասնագիտացված կենտրոններից մեկում աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքում, ավելացնելով, որ կենտրոնին այն անվճար է տրամադրվել։
«Ինտերակտիվ հավելվածների աշխատանքն իմ հոբին է և ես շատ ուրախ եմ, որ այն օգտակար է երեխաներին»,– ասաց ծրագրավորողը։
Գևորգյանը չի բացառել նաև հետագայում հեքիաթը Android–ի համար հարմարեցնելու հավանականությունը։
Ինտերակտիվ գրքերը տարածված են և ճանաչում ունեն աշխարհում։ Դրանք տարբերվում են սովորական էլեկտրոնային գրքերից նրանով, որ մեծ լիէկրան նկարազարդումներ են պարունակում, որոնք բաղկացած են ինտերակտիվ անիմացիայից և խաղարկային տարրերից։ Նման գրքերը հնչունավորված են և այն հնարավոր է երեխայի համար ընթերցել բարձրաձայն կամ առաջարկել նրան ինքնուրույն լսել և խաղալ նկարազարդումներով։ –0–