USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայկական translator.am առցանց թարգմանիչն ավելի քան 73 հազար իմաստային հասկացություն է պարունակում

23.04.2014, 17:18
Հայկական translator.am առցանց թարգմանիչն ավելի քան 73 հազար իմաստային հասկացություն է պարունակում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը։
Հայկական translator.am առցանց թարգմանիչն ավելի քան 73 հազար իմաստային հասկացություն է պարունակում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական translator.am առցանց թարգմանիչն ավելի քան 73 հազար իմաստային հասկացություն է պարունակում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը։

Նա նշեց, որ նախագծի հիմնական խնդիրը, որի մշակումն իրականացվում է վերջին 14 տարիների ընթացքում, սփյուռքահայությանը հայոց լեզվի պահպանման և դրա զարգացման ու արդիականացման հնարավորության հարցում աջակցելն է։

«Հայոց գրական լեզվի հիմնական կրողները բառարաններն են, որոնք հասանելի չեն օտարերկրացի մեր բազմաթիվ հայրենակիցներին, ինչի կապակցությամբ ստեղծվել է հայկական օնլայն թարգմանչի կամ բառարանի էլեկտրոնային տարբերակ, որը 12 տարբեր լեզուներից թարգմանելու և լեզուների թիվը մինչև 18 ընդլայնելու հնարավորություն է տալիս»,– ասաց Մանուկյանը։

Ըստ նրա` ռեսուրսը մշակվել է սկզբունքորեն նոր հիմքերի վրա և ոչ միայն տարբեր լեզուներով բառերի, այլ նաև լեզվի հիմքը կազմող ամբողջ հասկացությունների  (կոնցեպտների) թարգմանության հնարավորություն է տալիս։

Նա նշեց, որ համակարգում արդեն կա անգլերեն 115 հազար բառ, 97 հազար բառ` արևելահայերեն, 90 հազար բառ` արևմտահայերեն, 88 հազար բառ` ռուսերեն, 10.5 հազար բառ` հին հայերեն, 4 հազարական` գերմաներեն և ֆրանսերեն, 8.5 հազարական` լատիներեն։

Բազան նաև պարունակում է ավելի քան 45 հազար բառ թուրքերեն, 25 հազար բառ` քրդերեն, 15 հազար բառ` թալիշերեն լեզուներով, ինչպես նաև հնարավորություն ունի բազան տարածաշրջանի այլ լեզուներով համալրելու համար։

«Համակարգի web–խմբագիրն այնպես է կառուցված, որ հետագայում այն կարող են համալրել հենց լեզվի կրողները, այդ թվում` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները»,– ասաց Մանուկյանը։

Փորձագետը նշեց նաև, որ համակարգի զարգացման համար անհրաժեշտ է  պետական օժանդակություն պետական հաստատությունների` լեզվաբանական ինստիտուտների, Գիտությունների ակադեմիայի և համապատասխան մասնագետների օժանդակությունը, ովքեր կկարողանային համալրել տվյալների բազան առնվազն մինչև 300 հազար կոնցեպտով։

Մանուկյանն ընդգծեց, որ ակնկալում է նոր կառավարության օժանդակությունն այս հարցում։

translator.am առցանց թարգմանչի նախագիծը մշակվում է 2000 թվականից Էդուարդ Մանուկյանի ղեկավարած խմբի կողմից «ISMA» ՍՊԸ–ում և ՀՊՃՀ մեքենական  թարգմանության գիտական լաբորատորիայում։ Նախագծին որոշակի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սփյուռքի նախարարությունը և «Փյունիկ» հիմնադրամը։ -0-