Հայ մշակողների առաջարկած Shadowmatic հայտնի խաղը շուտով հասանելի կլինի Android–ի համար
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Shadowmatic հայտնի խաղը շուտով հասանելի կլինի Android օպերացիոն համակարգով աշխատող սարքեր օգտագործողների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Triada Studio–ի տեխնիկական տնօրեն և ծրագրավորող Բագրատ Դաբաղյանը։
Shadowmatic–ը հաղթող է ճանաչվել ArmNet Awards 2015 մրցույթի «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված», ինչպես նաև «Նորարարություններ» անվանակարգերում։
Արդեն վաճառքների հիթ և շատերի սիրված խաղ դարձած Shadowmatic–ը գործարկվել է այս տարվա հունվարի 15–ից։ Մշակողները դրա ստեղծման շուրջ աշխատել են մոտ 3 տարի։ Հավելվածը հասանելի է 12 լեզուներով, շուտով կհայտնվի 13–րդը` հայերենը։ Խաղի էությունն այն է, որ խաղացողին առաջարկվում են տարբեր չափերի ֆիգուրներ, միացած կամ առանձին, և նրա առջև խնդիր է դրված` հավաքել այդ ֆիգուրներն այնպես, որ դրանց ստվերը կոնկրետ օբյեկտ դառնա։
Դաբաղյանի խոսքով` այս պահին մշակողները զբաղված են խաղի թարմացմամբ Apple–ում, տարվում են նոր կոնտենտի և լրացումների հետ կապված աշխատանքներ։
«Խաղը հասանելի կլինի Android–ի օգտագործողների համար, և, հավանաբար, այս տարի։ Առայժմ մենք թարմացնում ենք Apple–ի համար»,– ասաց Դաբաղյանը։
Մշակողի խոսքով, խաղի հարմարեցումն Android–ին այս պահին կարող է տեխնիկական խնդիրների պատճառ դառնալ, քանի որ այդ ՕՀ–ով աշխատող սարքերի թիվը հսկայական է։
«Այսինքն, եթե մենք գործարկենք խաղն Android–ի համար, ապա մեզ պետք է ընտրել 10 թոփ–սարքեր, որոնցով Shadowmatic–ն անթերի կաշխատեր։ Օրինակ, որոշ չինական «no name Android»–ներում խաղը կարող է վատ աշխատել, օրինակ, եթե թույլ տեսաքարտ լինի և այլն»,– նշեց Դաբաղյանը։
Խոսելով այն մասին, թե որքան է խաղի օգտագործողների թիվը, Դաբաղյանը նշեց, որ այդ տեղեկությունը թիմն առայժմ չի հրապարակում, բայց շուտով պաշտոնական հայտարարություն կլինի։
Մշակողի խոսքով, ֆյուչերինգի առաջին օրերին Apple–ի վաճառքների արագությունը հարյուրավոր անգամ ավելի արագ է, քան ներկայում։
«Ինչ վերաբերում է խաղը բեռնած օգտագործողների թվից գոհ լինելուն, ապա համեմատաբար գոհ ենք, թեև կարող էր ավելի լավ լինել։ Շատ դժվար է իրատեսորեն գնահատել իրավիճակը, որովհետև խաղը բավականին յուրահատուկ է և ոչ բոլորի սրտով է։ Եվ եթե մարդիկ պարզ խաղ են ցանկանում, ապա սա այդքան էլ հարմար չէ»,– նշեց ծրագրավորողը։
Դաբաղյանի խոսքով` դա կապված է նրա հետ, որ խաղն ինքնին մի փոքր բարդ է, և կեսին պետք է մի փոքր տանջվել` այս կամ այն մակարդակն անցնելու համար, իսկ ոմանց դա դուր չի գալիս։
«Խաղը մոտ 70 մակարդակ ունի։ Սկզբում խաղը թեթև է թվում, բայց կեսին ոմանց համար շատ դժվար է մյուս մակարդակ անցնելը»,– ասաց Դաբաղյանը։
Խոսելով այն մասին, թե կարո՞ղ է, արդյոք, խաղը դառնալ «անվերջ» մակարդակներով` Դաբաղյանը նշեց, որ Shadowmatic–ն անհնար է այդպիսին դարձնել։
«Խաղը շատ առանձնահատուկ է։ Այսինքն, մենք գիտեինք, որ հեծանիվ ենք հորինում, որը ոմանց սրտով է լինելու, և ոմանց` ոչ»,– ավելացրեց Դաբաղյանը։
Ըստ նրա` Ասիայի ներկայացուցիչներին, օրինակ, չինացիներին, խաղն ավելի է դուր գալիս, քան եվրոպացիներին կամ ամերիկացիներին, միաժամանակ ամերիկացի և կանադացի օգտագործողները վրդովվում են ցանկացած առիթով, և նրանցից ավելի շատ բացասական արձագանքներ են ստացվում (խաղից մարտկոցն ավելի արագ է սպառվում և այլն)։
«Բայց շատ հետաքրքիր է հետևել տարբեր օգտագործողների արձագանքներին։ Բոլորից բարի գտնվեցին չինացիները, ովքեր հաճախ գրում են, որ խաղը լավն է, նրանց ամեն ինչ դուր է գալիս»,– խոստովանեց մշակողը։ -0-