Ավելի քան 900 հայ երեխաներ սովորում են ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներում
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 900 հայ երեխաներ սովորում են ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներում, ասաց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը երկրում ինժեներական կրթության հեռանկարների հարցերին նվիրված միջոցառման ժամանակ։
Նա նշեց, որ սկզբից ռոբոտատեխնիկայի խմբակների զարգացման նախագիծը նպատակաուղղված էր ավագ դպրոցի աշակերտներին, սակայն հաշվի առնելով դպրոցականների հետաքրքրությունը` այն տարածվեց 5–12 դասարանների վրա։
«Անցնելով ուսման ամբողջական կուրս` աշակերտները կդառնան գրեթե պատրաստի կադրեր, նրանք կկարողանան աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստացված գործնական գիտելիքների և հմտությունների հաշվին», – ասաց Վարդանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, և առաջիկա երկու տարում ուսում ստացողների թիվը հասցնել 2 հազարի։
Նրա խոսքերով` պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ոլորտի, այլև տնտեսության համար, քանի որ այն թույլ կտա բարձրացնել ՏՏ ոլորտի շրջանառությունը, որն իր հերթին հանգեցնում է երկրի ՀՆԱ–ի աճին։
Միջոցառման ընթացքում խմբակների ուսուցիչ–ղեկավարներին տրամադրվեցին ռոբոտներ հավաքելու համար նախատեսված հավաքածուներ «Ռոբոտատեխնիկան սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում։
Ամռանը UITE կողմից 60 ուսուցչի ուսուցում էր անցկացվել, ովքեր հիմնականում մարզերից էին։ Նրանք կվարեն հանրապետության տարբեր դպրոցների ռոբոտատեխնիկայի խմբակները։
Հայկական դպրոցներում Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախաձեռնությամբ իրականացվում է «Ռոբոտատեխնիկան սկսվում է դպրոցից» ծրագիրը, որի շրջանակում գործածվել է 5–12 դասարանների աշակերտների համար նախատեսված ռոբոտատեխնիկայի 55 խմբակ։
«Ռոբոտատեխնիկան սկսվում է դպրոցից» ծրագիրն իրականացվում է UITE–ի կողմից` ՎիվաՍել–ՄՏՍ բջջային օպերատորի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, World Vision Armenia և Counterpart International Armenia կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ –0–