USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՄԳՏԿ-ն 2011 թվականին ՀՀ-ին 1,2 մլն դոլար է հատկացրել գիտության զարգացման համար

29.03.2012, 16:10
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) 2011 թվականին Հայաստանին 1,2 մլն դոլար է հատկացրել գիտության զարգացման համար, ասաց Կենտրոնի  հայկական բաժնի ղեկավար Համլետ Նավասարդյանը:
ՄԳՏԿ-ն 2011 թվականին ՀՀ-ին 1,2 մլն դոլար է հատկացրել գիտության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) 2011 թվականին Հայաստանին 1,2 մլն դոլար է հատկացրել գիտության զարգացման համար, ասաց Կենտրոնի  հայկական բաժնի ղեկավար Համլետ Նավասարդյանը:

«1995 թվականից սկսած Կենտրոնը հայկական գիտության զարգացմանը մոտ 40,5 մլն դոլար է հատկացրել, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 1,2 մլն դոլար»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով՝ միջոցներն ուղղվել են Հայաստանի տարբեր նախագծերի ֆինանսավորմանը, մասնավորապես, Հայաստանի կենսաքիմիայի ինստիտուտի նոր նյութերի սինթեզի նախագծի, Առանձնապես վտանգավոր ինֆեկցիաների կենտրոնի նախագծի, ինչպես նաև լազերային տեխնոլոգիաներում կիրառվող նոր բյուրեղների սինթեզի նախագծի ֆինանսավորմանը:

«Ինչ վերաբերում է միջոցներին, որոնք կենտրոնը կհատկացնի հայկական գիտության զարգացմանը 2012 թվականին, ապա դա կախված է նրանից, թե ինչ նախագծեր մեզ կներկայացվեն դրամաշնորհ ստանալու համար»,- պարզաբանեց նա:

Միաժամանակ փորձագետը նշեց, որ վերջին տարիներին ծրագրերի ֆինանսավորումը կրճատվել է Կենտրոնի նոր քաղաքականության կապակցությամբ:

«Այժմ փոխվում է ՄԳՏԿ-ի աշխատանքային ձևաչափը, և մենք ձգտում ենք ընդլայնել տարբեր երկրների գիտնականների համատեղ աշխատանքը ու ամրացնել գործընկերային հարաբերությունները գիտության և բիզնեսի միջև»,- ասաց հայկական բաժնի ղեկավարը:

ՄԳՏԿ-ն ստեղծվել է 1992 թվականին, կազմակերպության անդամներ են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ճապոնիան, Կանադան, Խազախստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

Հայաստանը ՄԳՏԿ-ին անդամակցել է 1994 թվականին: ՄԳՏԿ-ն համակարգում է մի շարք կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների ջանքերը՝ միջազգային համագործակցության նոր հնարավորություններ տրամադրելով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների, մասնավորապես, ռազմաարդյունաբերական հատվածում աշխատած գիտնականներին: 

Իր քաղաքական, իրավաբանական և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում ՄԳՏԿ-ն օժանդակություն է ցուցաբերում հետևյալ ուղղություններով՝ ֆունդամենտալ հետազոտություններ, միջազգային ծրագրեր, նորարարություն և առևտրայնացում: -0-