Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, նրան կփոխարինի Ջոն Թերնուսը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Apple-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից իր նոր գլխավոր տնօրենը կդառնա Ջոն Թերնուսը: Թիմ Կուկը, որը գլխավորել է ընկերությունը 2011 թ.-ին Սթիվ Ջոբսի հրաժարականից հետո, կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահ:
Այս մասին հայտնում է bbc.com-ը։
Կուկը հայտարարել է, որ Թերնուսը, ում ներդրումը Apple-ում վերջին 25 տարիների ընթացքում անգնահատելի է, ամենահարմար մարդն է ընկերությունը ղեկավարելու համար:
65-ամյա Կուկը Apple-ին է միացել 1998 թվականին: Նրա ղեկավարման ավելի քան 14 տարիների ընթացքում ընկերության կապիտալիզացիան 350 միլիարդից հասել է 4 տրիլիոն դոլարի, իսկ հասույթը՝ 2011 թվականի 108 միլիարդից նախորդ ֆինանսական տարում դարձել է 416 միլիարդ դոլար:
Կուկի օրոք Apple-ը թողարկել է Apple Watch-ը, AirPods-ը և Apple Vision Pro-ն, գործարկել է iCloud, Apple Pay, Apple TV և Apple Music ծառայությունները:
50-ամյա Թերնուսը Apple-ի սարքավորումների մշակման գծով ավագ փոխնախագահն է: Նա միացել է Apple-ին 2001 թվականին և առանցքային դեր է խաղացել այնպիսի պրոդուկտների վաճառքի վերածննդի գործում, ինչպիսիք են Mac համակարգիչները, որոնք վերջին տարիներին մեծացրել են իրենց մասնաբաժինը շուկայում, մեկնաբանում է Reuters-ը:
Թերնուսը 2021 թվականից զբաղեցնում էր ապարատային ինժեներիայի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և 25 տարի նվիրել է iPhone արտադրող ընկերությունում արտադրանքի մշակմանը: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ հենց նա է համարվում Կուկի հավանական հաջորդ թեկնածուն: