USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը և Amazon Web Services-ը կխորացնեն գործընկերությունը ԱԲ-ի, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում

Այսօր, 16:43
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Amazon Web Services (AWS) ընկերության պատվիրակության հետ
Հայաստանը և Amazon Web Services-ը կխորացնեն գործընկերությունը ԱԲ-ի, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Amazon Web Services (AWS) ընկերության պատվիրակության հետ, որի կազմում էին տարածաշրջանային տնօրեն Ֆրանկո Սպիցիարելլոն և միջազգային հարաբերությունների ղեկավար Սարգիս Ղազարյանը։ 

Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործող հուշագրերի շրջանակում արձանագրված առաջընթացը և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը և հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը՝ արդյունաբերության, կրթության և հանրային ծառայությունների բնագավառներում», գրել է Հայրապետյանը։ 

Նախարարը հայտնել է, որ հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր՝ ԲՏԱ նախարարության և AWS-ի միջև նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: 

Հանդիպման առանցքային թեմաներից է եղել Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ 

Ուշադրություն է դարձվել նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։