Plug and Play–ն արդեն Հայաստանում է․ հայկական ստարտափեր կմեկնեն Սիլիկոնային հովիտ
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Plug and Play Germany GmbH միջազգային հեղինակավոր նորարարական հարթակը և ստարտափ աքսելերատորն առաջին անգամ իր աքսելերացիոն ծրագիրն է մեկնարկել Հայաստանում։
Առաջին անգամ Հայաստանում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play Germany GmbH կազմակերպության միջև ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել է 2024թ․–ի օգոստոսի 15–ին։ Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336մլն դրամ։
Աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն։
Ինչու՞ է դա կարևոր
«Ծրագրի նպատակն էր Հայաստան բերել միջազգային աքսելերատոր՝ օգնելու հայկական ստարտափներին մուտք գործել միջազգային շուկա, ձեռք բերել նոր գիտելիքներ, կատարելագործել իրենց պրոդուկտները և հասկանալ, թե ինչպես են աշխատում միջազգային ընկերությունները և դառնալ «չեմպիոններ» աշխարհում», - ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, նախարարությունն ակնկալում է, որ ընտրված ստարտափերը հայտնի կդառնան միջազգային շուկայում։
«Նոյեմբերին այս ստարտափերից 10-ը կմեկնեն Սիլիկոնային հովիտ, ինչը մեծ հնարավորություններ է բացում նրանց համար։ Այդ ամենը նրանց հնարավորություն կտա կապեր հաստատել, ներկայացնել իրենց պրոդուկտները, բրենդավորել Հայաստանը և իրենց թիմերը»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ ծրագիրը երկարաժամկետ է լինելու, և ներկայումս փորձնական փուլում է։ Ծրագրի նպատակներից է Հայաստանը վերածել տեխնոլոգիական հանգույցի, զարգացնել նորարարական էկոմիջավայրը և տնտեսությունը։
Փոխնախարարը դժվարացավ պատասխանել «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե կա՞ վիճակագրություն, թե տարեկան քանի՞ ստարտափ է ստեղծվում Հայաստանում և արդյոք նրանք հաջողության են հասնում։
«Մենք տարբեր տարիների տվյալներ ենք հավաքում մեր ծրագրերին մասնակցած ստարտափերի մասին, որպեսզի հասկանանք, թե ով է հասնում հաջողության», - ասաց Սիմոնյանը։
Plug and Play–ը հեռանկարներ է տեսնում Հայաստանում
Plug and Play Germany GmbH-ի գործադիր տնօրեն Սաշա Կարիմպուրը նշեց, որ շատ ոգևորված է Հայաստանում իրականացվող նախաձեռնությամբ՝ օգնելու ձեռներեցներին և ստարտափերին հասնել միջազգային մակարդակի, ինչպես նաև օգնել նրանց կապեր հաստատել խոշոր կորպորացիաների և ներդրողների հետ։
«Իրականում հենց ստարտափերն են կերտում երկրի ապագան: Մեր կարգախոսն է բերել նորարարություն ցանկացածին, ցանկացած վայրում և օգնել միավորել ստարտափերին, ներդրողներին, ձեռներեցներին, համալսարաններին և խոշոր կորպորացիաներին»,- ասաց Կարիմպուրը:
Նա նշեց, որ Հայաստանը Plug and Play-ի համար հեռանկարային վայր է։
«Մենք աշխարհի ամենաակտիվ վաղ փուլի ներդրողներից ենք: Տարեկան ներդրումներ ենք կատարում մոտ 200 ստարտափերում, մեր պորտֆելում ունենք մոտ 2000 ստարտափ, որոնցից 35-ը միաեղջյուրներ են: Մենք միշտ ուշադիր հետևում ենք նոր էկոհամակարգերին, - ասաց Կարիմպուրը։
Նա ասաց, որ ընկերությունն ունի 65 գրասենյակ ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում, գրասենյակ է բացվում Հնդկաստանում։
«Մենք հավատում ենք, որ Հայաստանում կան հիանալի ստարտափեր և հուսով ենք երկարաժամկետ ներկայություն ունենալ այստեղ Երեկ ես հնարավորություն ունեցա հանդիպել մի քանի հայաստանյան ստարտափերի հետ, և ես պատրաստ եմ նրանցից մի քանիսին անմիջապես կապել Mercedes-ի և Bosch-ի, ինչպես նաև մեր մյուս գործընկերների հետ»,- ասաց Կարիմպուրը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե ինչպես է գնահատում հայկական ստարտափերի մակարդակը։
Plug and Play–ի մասին
Plug and Play–ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ և ստարտափ աքսելերատոր է, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Այն կապում է ստարտափերին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը։
Plug and Play–ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են VISA–ն, ROCHE–ն, JAGUAR–ը, LAND ROVER–ը, WALMART–ը, Mercedes-Benz–ը, VOLVO–ն, PORSCHE-n, NISSAN–ը։
Plug and Play–ի պորտֆելում կան ավելի քան 30 միաեղջուր կազմակերպություններ։ Նրանց պորտֆելում ընդգրկված կազմակերպությունների թվում են PayPal–ը, Dropbox–ը, Honey–ն, SoundHound–ը, Rappi–ն, CourseHero–ն, Pinterest–ը, Pony.ai–ին և այլք։