USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում էլեկտրոնային ԶԼՄ-ների ակտիվացումը կդժվարացնի ընտրակեղծիքների իրականացումը. գլխավոր խմբագիր

23.01.2012, 19:28
ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունները շատ բանով կտարբերվի նախկիններից, քանի որ հայկական լրատվական դաշտն անցած հինգ տարիների ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվել, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Հայաստանում էլեկտրոնային ԶԼՄ-ների ակտիվացումը կդժվարացնի ընտրակեղծիքների իրականացումը. գլխավոր խմբագիր

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունները շատ բանով կտարբերվի նախկիններից, քանի որ հայկական լրատվական դաշտն անցած հինգ տարիների ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվել, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ընթացիկ տարվա մայիսին:

«Այսօր հայկական լրատվական դաշտն արդեն այն չէ, ինչ 2007-2008թթ.-ին էր: Հինգ տարի առաջ Հայաստանում դեռ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվության բում չկար: Այսօր իրավիճակն այլ է, ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր կեղծիք կտարածվի սոցիալական ցանցերում, յուրաքանչյուր մանրուք կլուսաբանվի ԶԼՄ-ներում»,-ասաց Ավետիքյանը:

Ըստ նրա՝ այս անգամ ընտրակեղծիքները չեն կարող արդեն բացահայտ գործել և ստիպված կլինեն նախազգուշական որոշակի միջոցների դիմել:

«Այսօր սոցիալական ցանցերը թույլ են տալիս մարդուն լրագրող և ԶԼՄ դառնալ, և նրանց շնորհիվ այդ  ընտրությունները վերջապես ցույց կտան՝ ով ով է՝ և քաղաքականությունում, և լրատվական դաշտում»,- ավելացրեց նա:

«А1+» ընդդիմադիր հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն իր կողմից չհամաձայնեց Ավետիքյանի հետ՝ նշելով, որ էլեկտրոնային լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդեցություն ունենալ ընտրությունների վրա:

«Մտեք Circle.am և տեսեք՝ որ էլեկտրոնային պարբերականներն են այցելությամբ առաջին տասը տեղերը զբաղեցնում: Նույնիսկ ամենատարրական հաշվարկով ակնհայտ է, որ նրանց այցելությունների թվերը նկարած են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Մովսիսյանը:

Նա ընդգծեց, որ այդ ամենը կանոնավորվող քաղաքականություն է, «պարզապես ինչ-որ մեկին ձեռնտու է ցույց տալ, որ հատկապես այդ պարբերականն է լուրջ և ճանաչված համարվում»:

«Այդ պատճառով ես չեմ հավատում, որ նման պարբերականները, որոնք կեղծում են իրենց այցելությունների տվյալները, սեփական կոնտենտ չունեն, հաճախ ուղղակի կրկնօրինակում են միմյանց, կարող են ինչ-որ բան փոխել»,- ավելացրեց նա:

«ԱՌԿԱ» գործակալությունը փորձում է մեկնաբանություններ ստանալ Circle.am հայկական վեբ ռեսուրսների վարկանիշի ներկայացուցիչներից: -0-