USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Youtubе–ից շահույթ ստացող տնտեսվարողները կարող են հայտնվել հարկային դաշտում. նախարար

12.03.2019, 20:50
Youtubе–ից շահույթ ստացող տնտեսվարող սուբյեկտները կարող են հայտնվել հարկային դաշտում։
Youtubе–ից շահույթ ստացող տնտեսվարողները կարող են հայտնվել հարկային դաշտում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Youtubе–ից շահույթ ստացող տնտեսվարող սուբյեկտները կարող են հայտնվել հարկային դաշտում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Ինչպես գիտեք, հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում և միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի շրջանառություն ունեցողներն, իհարկե, կարող են մտնել հարկային դաշտ», – հայտարարել է նա։

Նրա խոսքով, սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր արձագանքել են նախարարության կոչին, որը վերաբերում է Youtubе–ի հայկական տիրույթի ստեղծման ծրագրի իրականացմանը, և հաջորդ շաբաթ YouTube-ի հայաֆիկացման հարցով ոլորտի շահառուների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որը կդիտարկի այս նախաձեռնության մասնակիցների հայտերը։

«Բլոգերներն ու այլ տնտեսվարող սուբյեկտները Youtubе–ի հայաֆիկացման գլխավոր շահառուներն են, և շատ կարևոր է, որ նրանք բարձրացրել են այս խնդիրը», – նշեց նախարարը։

Արշակյանի խոսքով, Youtubе–ի հայաֆիկացումը կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, աշխարհի քարտեզում Հայաստանի ճանաչվածության, նոր աշխատատեղերի, նոր բիզնես մոդելների և մեխանիզմների ստեղծման հետ, ինչը կունենա իր դրական ազդեցությունը։

«Կգործարկվեն պետական մեխանիզմներ այնպես, որ բլոգերներն ու այլ տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան օգտվել այդ ռեսուրսից», – նշեց Արշակյանը։

Մարտի 3–ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Facebook–յան իր էջում խոսել է YoutubeAM տիրույթի գործարկման և մոնետիզացիայի հետ կապված խնդիրների լուծման մասին։–0–