USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

09.07.2020, 13:33
Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները
Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել շարժական և ֆիքսված ցանցի աշխատանքը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հուլիսի 8-ի երեկոյան ծառայությունների անհասանելիության պատճառ է դարձել հոսանքի տատանման արդյունքում տեխնիկական հիմնական համակարգում առաջացած գերբեռնվածությունը։ Առաջացած խափանումն ազդել է նաև մյուս ենթահամակարգերի բնականոն աշխատանքի վրա։ Շարժական կապի ձայնային ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի հասանելիությունն օպերատիվ կերպով վերականգնվել է մոտ 2 ժամվա ընթացքում։ Ucom ընկերության կողմից տրամադրվող այլ ծառայությունները վերջնական կարգավորում կստանան արտերկրից պատվիրված բաղկացուցիչ մասերի Հայաստան հասնելուն պես։

«Այս պահին շարժական և ֆիքսված ցանցերի աշխատանքն ապահովվում է պահուստային գեներատորների գործարկման շնորհիվ։ Մեր տեխնիկական անձնակազմը, որը միջազգային լավագույն ընկերություններում աշխատանքային փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներով է համալրվել, իսկապես աննախադեպ կարճ ժամանակահատվածում է խնդրին լուծում տվել։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հայաստանյան և օտարերկրյա մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ պետական մի շարք կառույցներին, Ucom-ի կորպորատիվ ու անհատ հաճախորդներին օպերատիվ աջակցության համար։ Նշեմ, որ անհրաժեշտ բաղկացուցիչ մասերն արդեն պատվիրված են և Հայաստանում կլինեն հաշված օրերի ընթացքում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ նոր բաղկացուցիչ մասերի տեղադրման և գործարկման նպատակով իրականացվող աշխատանքները կկատարվեն գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ucom ընկերության բաժանորդներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ի երեկոյան Ucom–ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-