Ucom-ն Ամանորի անակնկալ է մատուցել իր առաջին բաժանորդներից մեկին ու գործարկել շարժական հեռուստատեսության Mediaroom հավելվածը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորին ընդառաջ Ucom ընկերության ներկայացուցիչներն այցելել են Triple Play առաջարկի առաջին բաժանորդներից մեկի՝ Արման Ստեփանյանի ընտանիքը և նվեր հանդիսացող պլանշետի վրա գործարկել շարժական հեռուստատեսության Mediaroom հավելվածը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Mediaroom հատուկ հավելվածն այսօր Հայաստանում ամենապահանջված հարակից ծառայություններից ու նորարարական լուծումներից մեկն է Ucom-ի IPTV բաժանորդների համար: Այն U!TV բաժանորդագրության շրջանակում մատուցվող ծառայությունների կարևոր բաղադրիչ է, որը թույլ է տալիս դիտել հազարավոր հեռուստատեսային ծրագրեր ու ֆիլմեր անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից:
«Ամանորին ընդառաջ որոշեցինք անակնկալ կերպով այցելել ու հաճելի նվեր մատուցել մեր սիրելի բաժանորդներից մեկին, ով առաջիններից է միացել Ucom ընկերության Triple Play առաջարկին։ Այս նվեր պլանշետի մեջ ներբեռնված Mediaroom հավելվածը հնարավորություն է ընձեռում վայելել U!TV-ի ամենահետաքրքիր ու ամենասիրված հեռուստաալիքների բովանդակությունը նաև շարժական սարքի էկրանից՝ անկախ գտնվելու վայրից», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
«Այս հավելվածի մեկնարկն ազդարարել էինք ԱՄՆ-ում և այժմ ուրախ ենք, որ այսօրվանից արդեն Հայաստանում բնակվող մեր U!TV բաժանորդները կարող են համակցել իրենց շարժական սարքն ու տան հեռուստացույցը և օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրից դիտել բոլոր սպասված ու կարևոր հաղորդումները, ֆիլմերը, սերիալները, մուլտֆիլմերը, ֆուտբոլային հանդիպումները և այլն», - նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:
Mediaroom հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ U!TV բաժանորդ, հեռուստացույցի միջոցով մուտք գործել «Հավելվածներ» ենթաբաժինը, ստանալ 9-նիշանի ծածկագիր, մուտքագրել այն շարժական սարքի էկրանին բացված հատուկ պատուհանում, համակցել հեռուստատեսային և շարժական սարքերն ու անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից վայելել լավագույն հեռուստաբովանդակությունը:
Mediaroom հավելվածը թույլ է տալիս կառավարել տանն առկա բոլոր հեռուստատեսային սարքերը, վիրտուալ հեռակառավարման վահանակի միջոցով գործողություններ իրականացնել անմիջապես շարժական սարքի էկրանից, օգտագործել catch-up ծառայության հնարավորությունները երկու օրվա կտրվածքով, դիտել հեռուստաալիքների էլեկտրոնային ծրագիրն ու բուն հաղորդումները ինտերնետի առկայությամբ ցանկացած վայրում, օրվա ցանկացած պահի:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-