USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

«Ռոստելեկոմը» Հայաստանում ինտերակտիվ հեռուստատեսություն է գործարկում

23.09.2013, 18:30
«Ռոստելեկոմ» ընկերությունը «Հիբրիդ Սոլյուշնս» հեռուստահեռարձակվող ընկերության հետ համատեղ Հայաստանում ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ կմատուցի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց GNC-ALFA ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմը» Հայաստանում ինտերակտիվ հեռուստատեսություն է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» ընկերությունը «Հիբրիդ Սոլյուշնս» հեռուստահեռարձակվող ընկերության հետ համատեղ Հայաստանում ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ կմատուցի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց GNC-ALFA ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ GNC-ALFA –ն, հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Առաջին վաճառասրահը բացվել է Աբովյան քաղաքում դեկտեմբերի 18–ին։

«Մենք հայտարարում ենք, որ «Հիբրիդ Սոլյուշնս» հեռուստաընկերության հետ համատեղ հեռուստատեսային ծառայություններ ենք գործարկում։ Սա նոր սերնդի հեռուստատեսության ինովացիոն ծառայություն է։ Հայաստանում այս տեխնոլոգիայի աննախադեպ լինել կայանում է նրանում, որ բաժանորդներին հեռուստատեսության ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռվում` անկախ այն հանգամանքից, թե որ հեռահաղորդակցական օպերատորի ծառայությունից են նրանք օգտվում»,– ասաց Ֆարամազյանը։

Միաժամանակ նա նշեց, որ համագործակցության մասին բանակցություններն արդեն ընթանում են մյուս հեռահաղորդակցական ընկերությունների հետ, սակայն մինչ դրանց ավարտը ՀՏ ծառայությունները տրամադրվելու են միայն Ռոստելեկոմ ցանցի բաժանորդներին։

«Կարծում եմ, որ շուտով Ռոստելեկոմ հեռուստատեսության ծառայությունները կտրամադրվեն նաև մյուս օպերատորների բաժանորդներին։ Դա է մեր ծառայության առավելությունը»,– նշեց Ֆարամազյանը։

Ըստ նրա, ընկերությունը հեռուստատեսային ալիքների մեծ շրջանակ է ներկայացնում, որոնք նախատեսված են ցանկացած տարիքային խմբի համար։ Այդ պատճառով հաշվի առնելով ալիքների քանակը և դրանց բարձր որակը` ծառայությունը բավական հասանելի է։

«Այսօր Հայաստանի մարզերում հեռուստածառայության մեծ պահանջարկ կա, այդ կապակցությամբ պոտենցիալ հաճախորդ ենք համարում ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բնակիչներին»,–պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` ասաց Ֆարամազյանը։

Ինտերակտիվ հեռուստատեսության սակագները կախված են տարբեր ժանրերի հեռուստաալիքների տարբեր քանակ ունեցող ծառայությունների տարբեր փաթեթներից։ Այսպես, «Ստարտ» փաթեթում ներառված է 45 հեռուստաալիք` 4000 դրամ ամսավճարով, իսկ «Պրեմիում» փաթեթը ներառում է 120 ալիք, և արժեքը կազմում է 8000 դրամ։ Ցանկության դեպքում բաժանորդները կարող են իրենց փաթեթում ներառել լրացուցիչ ալիքներ` առանձին վճարով։ Մեկ լրացուցիչ ալիքի արժեքը տատանվում է 50–250 դրամի սահմանում։ Նաև հնարավոր է օգտվել լրացուցիչ փաթեթների ծառայությունից` 7 մարզական ալիք ներառող փաթեթ (1500 դրամ), 11 ալիք ունեցող փաթեթ (1500 դրամ), 5 թեմատիկ ալիք ներառող երաժշտական փաթեթ (500 դրամ) և 13 ուսուցողական ալիք ներառող փաթեթ (1500 դրամ)։

«Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ–ի հիմնադիր Արա Յաղջյանն իր հերթին նշեց, որ Ռոստելեկոմի հետ համագործակցությունը կօգնի, որ Հայաստանի ամբողջ տարածքում որակյալ և նորարարական հեռուստածառայությունների հասանելիություն ապահովվի։

«Ռոստելեկոմ» հեռուստատեսությունը նաև հնարավորություն է ընձեռում ֆիլմերի հատուկ բազայից ֆիլմեր ձեռք բերել և դիտել, տեղական լրատվական կայքերից մեկի լրատվական ժապավենը դիտել և այլ լրացուցիչ ծառայություններ։ Ֆիլմերի բազան, ինչպես նաև լրատվական աղբյուրների թիվը, կաճի։

«Ռոստելեկոմ» ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության և վճարով հեռուստատեսության ռուսական շուկայում։

Ներկայում ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:  ($1 –ը` 406,17 դրամ) -0-