Orange Armenia ընկերությունը մտադիր է 2013թ.–ի վերջին ամբողջական ինքնաֆինանսավորման անցնել. գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը մտադիր է 2013թ.–ի վերջին ամբողջական ինքնաֆինանսավորման անցնել, երկուշաբթի Հայաստանում ընկերության ներկայության երրորդ տարվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
«Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ մենք արդեն հավասարակշռության հասնելու հույսեր ունենք։ Իսկ 2013թ.–ի վերջին մենք ամբողջովին կանցնենք ինքնաֆինանսավորման և կսկսենք վերադարձնել ներդրած միջոցները»,– ասաց Ժելիբտերը։
Ըստ նրա` դա նշանակում է, որ 2013թ.–ի վերջին Orange Armenia–ն արդեն կսկսի ֆինանսավորել իր գործունեությունը և զարգանալ «առանց մոր և հոր»։
Միաժամանակ Orange Armenia–ի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա վերջին եկամտի մակարդակով ընկերությունը գերազանցում է 21 մլրդ դրամի շեմը, իսկ Orange–ի ներդրումների գումարը կկազմի 7 մլրդ դրամ։
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-