USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

NVIDIA ընկերության փոխնախագահը Փաշինյանին է ներկայացրել ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը

Այսօր, 16:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին
NVIDIA ընկերության փոխնախագահը Փաշինյանին է ներկայացրել ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով, կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ 

Նիկոլ Փաշինյանը և Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արհեստական բանականության ներդրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետն այդ առումով ընդգծել է մասնավոր հատվածի կողմից աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։

Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է գաղափարը և հայտնել Կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործում։ 

500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի նախագծի մասին

ՀՀ կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը միավորում են ջանքերը՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգիչը և տվյալների մշակման կենտրոնը ստեղծելու համար, որը կաշխատի արհեստական ​​բանականությամբ (AI):

Հայաստանում արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնի 500 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կդառնա նորարարության, կրթության, գիտության և ձեռներեցության հարթակ՝ խթանելով տեղական և միջազգային ստարտափերի զարգացումը, նպաստելով գիտության և տեխնոլոգիաների միջև կապին և Հայաստանը վերածելով տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի՝ արհեստական ​​բանականության զարգացման իրական վայրի։ Սա արմատապես կփոխի տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։

Սարքավորումները կգնվեն NVIDIA-ից, որը նմանատիպ սարքավորումների առաջատար արտադրողն է աշխարհում, իսկ տվյալների կենտրոնը կպատկանի նորաստեղծ Firebird ընկերությանը։ Այլ մասնակիցների թվում է Dell-ը։ Նախագծի շրջանակում, որի գործարկումը նախատեսված է 2026թ․–ին, կտեղադրվեն NVIDIA–ի Blackwell GPU հազարավոր միկրոպրոցեսորներ և կստեղծվի ավելի քան 100Մվտ հզորությամբ ենթակառուցվածք։