USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Նոր փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային

25.04.2017, 12:40
Ապրիլի 21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նոր փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մարումը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Հաղորդագրության համաձայն, փոստային բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով, դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի չափսերն են 25,0 x 35,0 մմ, բացիկինը` 150,0 x 110,0 մմ:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված են ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանը՝ Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը՝ Անուշի դերում: Նրանք պատկերված են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին:

nor_postayin_batsik_nvirvats_anush - рис.1

Բացի այդ, փոստային բացիկի ներքևի ձախ անկյունում ներկայացված են «Անուշ» օպերայի հին աֆիշները՝ բեմական վարագույրների ներքո:

Մեկ նամականիշով փոստային բացիկի մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ավագ Պետրոսյանի որդին՝ դիրիժոր և դաշնակահար Արա Պետրոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայում ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

2006 թ. նոյեմբերի 30-ին ՀայՓոստի հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է ‹‹Haypost Trust Management››ՓԲԸ-ն:-0-