ԼՂՀ–ում ընթացող ռազմական գործողություններին Հայաստանում հնարավոր կլինի հետևել «Ռոստելեկոմի» Արցախ TV–ի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» Հայաստանում ապրիլի 4-ից սկսում է հեռարձակել Արցախի հանրային հեռուստաալիքը՝ Արցախ TV-ն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, հեռուստաալիքը հասանելի կլինի Սմարթ հեռուստատեսություն ծառայության բոլոր բաժանորդներին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռազմական գործողությունների ընթացքին, պաշտոնական հայտարարություններին և կարևոր նորություններին, ի թիվս հայկական լրատվական այլ հաղորդումների, հնարավոր կլինի հետևել Սմարթ հեռուստատեսության 142-րդ ալիքի՝ Արցախ TV-ի միջոցով»,– ասվում է հաղորդագրությունում։
«Ռոստելեկոմը» հեռարձակման հնարավորություն կընձեռի նաև ՀՀ տարածքում ազգաբնակչությանը IP հեռուստատեսության ծառայություններ մատուցող ՀՀ օպերատորներին` ապահովելով նրանց համապատասխան տեխնիկական հնարավորություններով։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ «Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։ Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–