Loft ինքնազարգացման բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծման գործում կատարված ներդրումները կազմել են 100 մլն դրամ
Երկուշաբթի Երևանում բացվել է Loft ինքնազարգացման բազմաֆունկցիոնալ կենտրոնը։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Կենտրոնի ստեղծման գործում կատարված ներդրումները կազմել են մոտ 100 մլն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Երևանում բացվել է Loft ինքնազարգացման բազմաֆունկցիոնալ կենտրոնը։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Կենտրոնի ստեղծման գործում կատարված ներդրումները կազմել են մոտ 100 մլն դրամ։
ՀՀ նախագահը ծանոթացել է մշակութային, կրթական, ժամանցային կենտրոնի գործունեության հետ, որը ստեղծվել է Citymobil և «Маркет.рф» երկու ռուսական ընկերությունների ներկայացուցչությունների նախաձեռնությամբ։
Նախագահը նաև այցելել է ընկերության գրասենյակները, ծանոթացել դրանց գործունեությանը, աշխատանքի պայմաններին և իրականացրած ներդրումներին։
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Loft ինքնազարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, այն սկզբից ստեղծվել է որպես հատուկ հարթակ Հայաստանում գործող Citymobil և «Маркет.рф» երկու ռուսական խոշոր ընկերությունների աշխատակիցների համար, որտեղ կներկայացվեն զարգացման տարբեր գործիքներ։
«Սա հատուկ նախագիծ է և առաջինն իր ձևաչափում, որտեղ կարելի է համատեղել կրթությունը, աշխատանքը, հանգիստն ու ժամանցը։ Հաշվի առնելով, որ հայեցակարգը հետաքրքիր է, որոշում է ընդունվել ընդլայնել այն և հասանելի դարձնել բոլոր ցանկացողների համար», – ասաց Համբարձումյանը։
Նրա խոսքերով` կենտրոնի գաղափարն է առաջարկել հանդիպում կազմակերպել ընկերների հետ, նրանց հավաքել off-line ռեժիմում և կենդանի շփման հնարավորություն ընձեռել ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում։
Նա նշեց, որ Loft ինքնազարգացման կենտրոնում գործում են հատուկ գոտիներ, որոնք վերաբերում են առողջ ապրելակերպին, հանգստին, ժամանցին, խոհանոցին, համաժողովներ և սեմինարներ կազմակերպելու գոտի, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրեն հոգեհարազատ գործ գտնել, կարելի է ընկերների հետ շախմատ խաղալ, տարբեր թեմաներով վարպետության դասեր անցկացնել, ընկերների հետ միասին կերակուր պատրաստել։
Նրա խոսքերով, նախնական տվյալներով` վճարը կկազմի 10 դրամ րոպեի համար, սակայն հետագայում այն կշտկվի։ Կենտրոնում գործում է երեք հիմնական կանոն` չխմել, չծխել, չհայհոյել։
Համբարձումյանը նաև տեղեկացրեց, որ Loft մոդելը կարելի է կիրառել հետագայում նաև Հայաստանի մյուս քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի նպատակով իրականացվում է նախնական նախագծում և ուսումնասիրություն, ինչպես նաև համապատասխան տարածքի որոնում։
Loft ինքնազարգացման կենտրոնի հիմնադիրներն են Citymobil և «Маркет.рф» ընկերությունները, որոնք ստեղծվել են Ռուսաստանում համապատասխանաբար 2009 և 2011 թթ.–ին հայազգի ձեռներեցների կողմից, որոնք վերջին երկու տարում դուրս են եկել հայկական շուկա, Հայաստան են տեղափոխել գրասենյակային կառույցների և call-կենտրոնների մի մասը։
Գրասենյակաների կառույցների մի մասը Հայաստան տեղափոխելու որոշումը պայմանավորված էր Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող գիտական ներուժի, տեխնիկական հմտություններ ունեցող և ռուսաց լեզվի իմացությամբ մասնագետների, մտավոր սեփականության ոլորտում համապատասխան իրավական դաշտի և այլ մրցակցային առավելությունների առկայությամբ։ Արդյունքում` ընկերությունները Հայաստան են տեղափոխել տեխնիկական բիզնես–գործառույթների մի մասը, որոնց թվում են շարժական հավելվածների և օպերացիոն համակարգերի նախագծումը, համակարգերի կոդավորման և թեստավորման աշխատանքներին, մարկետինգին, գովազդին, որակի ապահովմանը վերաբերող աշխատանքներն ու call–կենտրոնները։ Ընկերությունները սպասարկում են ռուսական շուկայի պատվերները։ Ընկերություններն ընդհանուր առմամբ ունեն 224 աշխատակից։–0–