LG ընկերությունը կարող է զբաղվել Երևանի արտաքին լուսավորությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. LG ընկերությունը կարող է զբաղվել Երևանի արտաքին լուսավորմամբ, չորեքշաբթի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում ասել է LG ընկերության Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի նախագահ Քուք Հուան Չայը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մենք ևս ուրախ կլինենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երևանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթևակոխի»,- նշել է Քուք Հուան Չան, նշելով, որ հնարավոր համագործակցություն կարող է ձևավորվել ժամանակակից արտաքին լուսավորության ապահովման ու էլեկտրատրանսպորտի մասով:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել իրենց միջոցներով Հայաստանում LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «ԱՐԱՅ» ընկերության հետ համատեղ իրականացնել Երևանի փողոցներից մեկի լուսավորության ծրագիրը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է` քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և, ըստ ամենայնի, օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Այս մասով իսկապես հաջողված նախաձեռնություններ են իրականացվել, ինչի վկայությունը վերջին տարիներին մայրաքաղաքում մասնավոր հատվածի հետ համատեղ կյանքի կոչված տարբեր ծրագրերն ու նախագծերն են»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Հանդիպմանը ներկա են եղել «ԱՐԱՅ» ընկերության ղեկավարները։ -0-