Հունվարի 1–ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային համակարգով
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/ԱՌԿԱ/․ Այս տարվա հունվարի 1–ից ուժի մեջ է մտել աշխատանքային օրենսգրքի այն փոփոխությունները, համաձայն որի՝ 2026 թ.-ին սկսած բոլոր պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային թվային համակարգով։
Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նա հայտնել է, որ գործատուները աշխատողներ ընդունելու համար նախ պետք է պայմագիրը ձևավորեն հարթակում, և այն պետք է փոխանցվի աշխատակցին՝ հնարավորություն տալով աշխատողին ունենալ իր աշխատատանքային պայմանագիրը հենց հարաբերությունները ծագելու պահից։
Սարգսյանի խոսքով՝ համակարգի պարագայում այն արդեն պարտադիր պայման է դառնում, որովհետև եթե չլինի աշխատանքային պայմանագիրը հարթակում ստեղծված, գործատուն չի կարողանա անգամ աշխատողի գրանցման հայտը ներկայացնել։
Վարչության պետը հայտնել է, որ գործատուներին տրվելու է 1 տարի ժամկետ՝ թղթային տարբերակով կամ ոչ էլեկտրոնային թվային հարթակի միջոցով կնքված պայմանագրերը տեղափոխելու համար այս հարթակ։
«Համակարգից օգտվելու համար բոլոր աշխատողները պետք է ունենան էլեկտրոնային եղանակով ստորագրության հնարավորություն, քանզի դա պարտադիր պայման է համակարգի մեջ պայմանագիր ստորագրելու համար», - ասել է Սարգսյանը՝ նշելով, որ ստորագրության համար նախատեսված է 2 տարբերակ՝ Mobile ID կամ iD ։
Նա հայտնել է, որ բոլոր աշխատողները իրենց բոլոր պայմանագրերը մինչև այս տարվա ավարտ պետք է տեսնեն էլեկտրոնային թվային հարթակում, որի համար գործատուն նախ պետք է այդ պայմանագրերը տեղափոխի համակարգ՝ մուտք գործելով file online taxservice.am 7 և լրացնելով համապատասխան դաշտերը։
Դաշտերը լրացնելուց հետո այդ տեղեկատվությունը գործատուն կփոխանցի աշխատողին։ Աշխատողը ծանոթանալու համար իր պայմանագրին պետք է մուտք գործի self-portal.taxservice.am և նույնականացում անցնելուց հետո տեսնի իր պայմանագիրը, որից հետո արդեն իր էլեկտրոնային ստորագրությունը դնելով հավաստի, որ ինքը ծանոթացել է պայմանագրին։
Նրա խոսքով՝ այս համակարգի ներդրմամբ միանգամից մի քանի խնդիր է լուծվում։
«Նախ տալիս ենք հնարավորություն, որ և՛ մեր գործատուները, և՛ աշխատողները աշխատեն օրենքի դաշտում, ունենան աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, պայմանագիր կնքելուց հնարավորինս քիչ բացթողումներ ունենան, որովհետև շատ դեպքերում նաև օրենսդրության չիմացության պատճառով են խնդիրները լինում, իսկ այս համակարգը պարտադիր դաշտեր ունի և մեր գործատուները դաշտերը պետք է լրացնեն», - նշել է վարչության պետը։
Սարգսյանի խոսքով՝ այն նաև վերահսկողական տեսանկյունից է լինելու արդյունավետ գործիք, որովհետև հետին ամսաթվով այլևս հնարավոր չի լինելու փաստաթղթեր ստեղծել, ինչը որոշ դեպքերում հենց աշխատողների իրավունքների ոտնահարման մասին է խոսում, և այս խնդիրը ևս կլուծվի։