USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

CANDLE օղակային արագացուցիչի կառուցումը Հայաստանում կարող է սկսվել 2014 թ.-ին

13.11.2013, 16:08
Հայաստանում CANDLE օղակային արագացուցիչի կառուցումը համանուն ծրագրի շրջանակում կարող է սկսվել  2014 թվականին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց CANDLE ծրագրի ղեկավար Վասիլի Ցականովը:
CANDLE օղակային արագացուցիչի կառուցումը Հայաստանում կարող է սկսվել 2014 թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում CANDLE օղակային արագացուցիչի կառուցումը համանուն ծրագրի շրջանակում կարող է սկսվել  2014 թվականին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց CANDLE ծրագրի ղեկավար Վասիլի Ցականովը:

«ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) Հայաստանում 3 ԳէՎ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրո¬նային լույսի աղբյուրի նախագիծ է, որը հնարավորություն կստեղծի ժամանակակից հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարել կյանքի գիտությունների, նյութագիտության և շրջակա միջավայրի ուսումնասիրության բնագավառներում:
Նախագիծը բաղկացած է երկու փուլից` առաջին փուլում նախատեսվում է AREAL գծային արագացուցիչի կառուցումն ու շահագործման հանձնելը, իսկ երկրորդում` CANDLE օղակային արագացուցիչի կառուցումը:

«Այս պահին AREAL գծային արագացուցիչի հիմնական համակարգերի փորձարկումներն ավարտվել են, և սկսվել է շահագործման նախապատրաստական փուլը` էլեկտրոնային առաջին փնջերի ստացումը: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մեզ հկաջողվի անցնել ծրագրի երկրորդ փուլին` CANDLE օղակային արագացուցիչի կառուցմանը»,- ասել է Ցականովը:

Նա նշել է, որ Աբովյան քաղաքից ոչ հեռու CANDLE արագացուցիչի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 60 մլն եվրո, և Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել այդ նպատակների համար հատկացնել պահանջվող գումարի 25 տոկոսը: Այժմ ծրագրի համաֆինանսավորման շուրջ բանակցություններ են տարվում մի շարք միջազգային կառույցների հետ:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր հերթին կարևորեց AREAL գծային արագացուցիչի գործարկումը ոչ միայն հայկական գիտության զարգացման, այլ նաև միջազգային ասպարեզում Հայաստանի վարկանիշի բարձրացման տեսանկյունից:

«AREAL արագացուցիչը չափազանց բարդ, տարածաշրջանում նմանը չունեցող կոնստրուկցիա է, որը մեզ թույլ կտա ժամանակակից փորձարարական հետազոտություններ իրականացնել»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, չափազանց կարևոր կիրառական նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացումը թույլ կտա, որ Հայաստանը զգալի առաջընթաց ունենա բնագիտության, մասնավորապես` ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ոլորտներում:

CANDLE նախագիծը ճառագայթման աղբյուր է երրորդ սերնդի արագացնող-կուտակիչ համալիրի հիման վրա 2 մլրդ էլեկտրոնվոլտ էլեկտրոնների էներգիայով: Համալիրը թույլ է տալիս ալիքների երկարության լայն դիապազոնում՝ ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգեն, հզոր բացառիկ լուսային հոսքի ավելի քան 60 ալիք ունենալ:  

Այսօր աշխարհում գործում են լույսի ավելի քան 40 աղբյուրներ, որոնք հիմնականում տեղակայված են ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում: Մասնագետների գնահատմամբ՝ այս ճառագայթման օգտագործումից համաշխարհային տնտեսության տարեկան եկամուտը կազմում է շուրջ 750 միլիարդ դոլար:-0-