Բնակարանամուտ Սյունիքի մարզում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Սյունիքի մարզի Դարբաս գյուղի բնակիչներ Կարապետյան եղբայրների երազանքն իրականացվել է. ընտանիքը բնակարանամուտ է նշում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նախաձեռնության շնորհիվ` Կարապետյանների նորակառույց տունն ամբողջությամբ կահավորվել և համալրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկայով, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության, Վրեժ Կարապետյանը և իր երկու եղբայրները վաղ տարիքում կորցրել են ծնողներին: Ավելի ուշ զրկվելով նաև տատի ու պապի խնամակալությունից՝ եղբայրները ստիպված են եղել ապավինել միայն սեփական ուժերին: Տարիներ շարունակ ապրել են երկու սենյականոց հողաշեն տանն առանց խոհանոցի և սանհանգույցի, սակայն չեն կորցրել հույսը, որ մի օր տուն կունենան։
Համագործակցող կազմակերպությունները բնակարանաշինության ծրագրի շրջանակում ամբողջությամբ ավարտել են կիսակառույցի շինությունը և տունն ապահովվել ջեռուցման համակարգով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են տնօրհնեքի արարողությանն ու կիսել Կարապետյանների ուրախությունը:
«Ինչպե՞ս կարող եմ բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ: Այս տունն իսկական ամրոց է դարձել մեզ համար: Ամենահամարձակ երազներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ այսպիսի՛ տուն կունենանք: Իմ ու եղբայրներիս երախտագիտությունն եմ հայտնում անիրական թվացող հեքիաթը շոշափելի իրականություն դարձնելու համար»,- ասել է Կարապետյան եղբայրներից ավագը՝ Վրեժը:
«Ուրախ եմ և հպարտ, որ մեր աջակցությամբ լրացուցիչ վստահություն հաղորդեցինք նրանց,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Չեմ կարող չարտահայտվել, որ հարյուրավոր ծրագրերի մեջ սա ինձ համար եզակի երևույթ հանդիսացող ծրագիր էր: Այս տան կառուցումը մի յուրահատուկ երջանկություն է: Այն ջանքն ու եռանդը, լրջությունը որով այս երեք եղբայրները ստանձնեցին տան շինարարությունը, խոստումնալից է: Դեռ ամիսներ առաջ կիսակառույց շինությունն այսօր իսկական օջախ է դարձել նոր կյանք մտնող, բայց արդեն չափազանց շատ բան տեսած տղաների համար»,-ասել է «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում` 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-