Beeline Ստարտափ Ինկուբատորը հայտարարում է ստարտափների առաջին խմբի ընդունելությունը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Հայաստանում ստարտափների համար ինկուբատորի ստեղծման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Beeline Ստարտափ Ինկուբատորի նպատակն է աջակցել հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում: Մասնավորապես նրանց տրամադրվելու է աշխատանքային տարածք, կազմակերպվելու են դասընթացներ և վարպետության ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Յուրաքանչյուր ստարտափ հնարավորություն կունենա 4 ամսվա ընթացքում օգտվել Ինկուբատորի ռեսուրսներից և խորհրդատվությունից։
«ՎԵՈՆ խումբը՝ մասնավորապես Հայաստանում Beeline-ը շահագրգռված է Հայաստանում ստարտափների համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ և ստարտափների զարգացմամբ։ Այդ իսկ պատճառով մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում հայկական ստարտափներին հնարավոր աջակցություն տրամադրելու նպատակով։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ գրասենյակն ու մեր փորձագետների խորհուրդները կօգնեն և կոգեշնչեն իրենց մեծ հաղթանակների հասնելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Հայկական ստարտափ էկոհամակարգի կայացումը վճռական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Էկոհամակարգի հիմնական բացերից մեկը սաղմնային փուլում գտնվող ստարտափների կրթության հարցն է։ Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը։ Վեոն խումբը՝ լինելով միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն, հայկական ստարտափների համար դռներ կբացի դեպի շատ արժեքավոր կապեր, գիտելիքներ և հնարավորություններ» - նշեց Հայաստանում Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։
Ստարտափների ներկայացուցիչները կարող են իրենց դիմումները լրացնել incubator.beeline.am կայքում մինչև ապրիլի 23-ը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-0-