USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Առաջին դասարանի աշակերտներին սեպտեմբերին «Արմթաբ» պլանշետներ կտրամադրեն

09.04.2015, 14:20
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հավանություն տվեց առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլին։
Առաջին դասարանի աշակերտներին սեպտեմբերին «Արմթաբ» պլանշետներ կտրամադրեն
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հավանություն տվեց առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլին։

Կրթության և գիտության փոխնախարար  Կարինե Հարությունյանը նշեց, որ փորձնական փուլն առաջինը կիրականացվի Վայոց  Ձորի մարզում։ Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից ամեն մի ուսումնական տարում կներառվի մեկ կամ երկու մարզ: Երրորդ փուլում՝ 2025թ. սեպտեմբերից, ծրագիրը կսկսի իրագործվել Երևան քաղաքում:

«Ծրագիրը նախ կտարածվի միայն առաջին դասարանցիների վրա, իսկ փորձնական փուլի ավարտից հետո ծրագրի արդյունավետության գնահատականից հետո այն կտարածվի նաև այլ մարզերում և Երևանում»,– ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ ծրագիրը  բացարձակապես կրթական  նպատակ է հետապնդում և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով ընդհանուր կրթության հասանելիությունը, արդիականությունն ու որակը բարձրացնելու նպատակ ունի։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ ծրագիրը մեծ հետաքրքրություն է հարուցել հանրության շրջանում, դրան անդրադարձել է մամուլը, ուստի իրագործումը նույնպես պետք է շատ թափանցիկ լինի:

Ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով:
 
Այսօր Հայաստանի կրթական համակարգում 1420 ուսումնական հաստատություն կա։

ArmTab և սմարթֆոն արտադրող հայկական ArmPhone Technology and Science Dynamics Inc. ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում: Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի վերջին։–0–