Ամենալայն 5G ծածկույթի ապահովում. Ucom-ն ամփոփում է 2025 թվականը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ucom ընկերությունն ամփոփում է 2025 թվականի ընթացքում իրականացրած գործունեությունն ու ձեռքբերումները` խոստանալով նոր նախագծեր 2026թ․–ին։
Ընկերությունը Հայաստանում արդեն ունի 94,5 տոկոս ռադիոծածկույթ՝ ապահովելով 5G ցանց 600-ից ավելի բնակավայրերում, սահմանային անցակետերում և որոշ մայրուղիներում։
Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշում է, որ տարին հետաքրքիր էր, դժվար ու մարտահրավերային։
«Մենք կարողացանք պատվով դուրս գալ, որովհետև այս տարվա ընթացքում կարողացանք իրականացնել շատ նախագծեր՝ ի շնորհիվ Ucom–ի և աշխարհի խոշոր մատակարար գործընկերների հետ ունեցած ռազմավարական համագործակցության՝ ի դեմս Nokia-ի», – նշում է Յիրիկյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա»–ն։
Նա կարևորում է շարժական կապերի ցանցերի մատակար Nokia–ի, նոր որակի ծառայություններ առաջարկող միջազգային առաջատար MediaKind-ի, մասնագիտացված մատակարար IPTV-ի և անգլիական Cerillion-ի հետ համագործակցությունը։
Այս ընկերությունները Հաայաստան են բերում ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն ստանդարտները։
Ինչպես նշում է Յիրիկյանը, այս մատակարարների հետ աշխատելով՝ Ucom–ը կկարողանա սահուն կերպով իրականացնել թվային փոխակերպումը, որն արդեն սկված է։
Յիրիկյանն անդրադարձել է նաև ընկերության գործառնական շահույթին՝ ընդգծելով գրանցված լավ ցուցանիշները։
«Վերջերս հրապարակվեցին երրորդ եռամսյակի տվյալները։ Եթե համեմատենք տարվա կտրվածքով, կտեսնենք, որ գրանցվել է բավականին լավ աճ։ Մենք գործառնական շահույթով կարողացել ենք ցույց տալ, որ տարվա կտրվածքով գրանցվել է ավելի քան 700 մլն դրամի աճ՝ 5,4%», – նշել է Ucom–ի գլխավոր տնօրենը։
Այս հաջողություններն ու ձեռքբերումներն անուղղակիորեն խթանում են երկրի տնտեսական աճը և բարձրացնում հեռահաղորդակցության մակարդակն աշխարհի քարտեզի վրա։
2025 թվականին Ucom-ը ստացել է ISO 37001 և ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագրեր, ինչպես նաև իրականացրել է բազմաթիվ ծրագրեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարական ուղղություններով։ Իսկ հաջորդ տարի ընկերությունն արդեն խոստանում է նոր նախագծեր։
«Հաջորդ տարի ունենալու ենք նոր զանգի կենտրոնի հարթակ, որն ունենալու է արհեստական բանականությամբ աշխատող վերլուծական գործիքակազմ։ Մենք ոչ թե խոսում ենք թվային փոխակերպման մասին, այլ իրականացնում ենք այն։ Հարթակներն աստիճանաբար փոխվում են՝ նոր տեխնոլոգիաներով, նոր տեխնոլոգիական մտածելակերպով։ Բայց ամենակարևորն այն է, որ մենք ենք դա աշխատացնելու։ Ոչ թե արհեստական բանականությունն է աշխատացնելու և որոշի մեր ճակատագիրը, այլ մենք ենք աշխատացնելու ԱԲ–ն, ինչի շնորհիվ կկարողանանք ավելի մատչելի ու ավելի հետաքրքիր ծառայություններ առաջարկել մեր սիրելի բաժանորդներին», – ընդգծել է Ucom–ի գլխավոր տնօրենը։
Տեսանյութը՝ «Նովոստի–Արմենիա»–ի