USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը

13.12.2013, 11:16
«Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնն է մեկնարկել, հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից։
Մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնն է մեկնարկել, հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից։

Օն–լայն կինոփառատոնը հիմնել են Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։

Փառատոնը սահմանել է 1 գլխավոր և խրախուսական 2 մրցանակ: Ըստ այդմ` գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, իսկ խրախուսական մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Հիշատակված երեք մրցանակակիրներին կտրվի նաև պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Կինոփառատոնին կարող են ներկայացվել առանց ժանրային սահմանափակումների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն) մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2014թ. հունվարի 25-ը DVD կրիչով ֆիլմերը ներկայացնեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ:  (Երևան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42):

«Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Դրանց արդյունքներն ամփոփելու և 2014 թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ, հրապարակելու է պրոֆեսիոնալ ժյուրին:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմն արժանանալու է «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի: Իսկ ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:   

«WebԾիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնն այս տարի ներկայացնելու է նաև «Web Ծիրան. Մուլտիմեդիա» ծրագիրը, որին կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր: Դրանք ցուցադրվելու են ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ դրանց հղումները որևէ վիդեոհոստինգային պորտալում, հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար պատասխանատու է ֆիլմի հեղինակը:


«Web Ծիրան» առաջին համահայկական օնլայն կինոփառատոնն անցկացվել է 2011 թվականի նոյեմբերի 15–ից դեկտեմբերի 25–ը։ Փառատոնի հաղթողը Դիանա Կարդումյանի «Աշնան արև» ժապավենն էր։ -0-