USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կոտայքի մարզում բնակարանամուտ են տոնել ևս երկու ընտանիք

18.02.2016, 18:18
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով 2015թ. տարեվերջին Կոտայքի մարզում ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել է ևս մեկը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
  ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կոտայքի մարզում  բնակարանամուտ են տոնել ևս երկու ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/.ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով 2015թ. տարեվերջին Կոտայքի մարզում ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել է ևս մեկը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Մայակովսկի համայնք՝ երկու ընտանիքների արդեն բարելավված բնակարանային պայմանները տեսնելու և միասին նրանց ուրախությունը կիսելու համար: Արթուր Անտոնյանի ընտանիքը 13 տարի բնակվել է հայրական տանը. 11 անձ՝ երեք սենյականոց բնակարանում: Նրանց համար հինգ տարի որպես տանիք է ծառայել նաև արտերկրում գտնվող հարևանի տունը: Արդեն մի քանի տարի է Անտոնյանները սկսել են իրենց տան շինարարությունը, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել այն:

«Տուն ունենալը երազ էր ինձ համար: Երեխաներս հասակ են առել տնից տուն տեղափոխվելով՝ այդպես էլ սեփական անկյուն չունենալով: Հարազատ տան պատերի ջերմության զգացումը չի կարելի համեմատել ոչինչի հետ: Հիմա մեր երջանկությունն ու երախտագիտությունն անսահման են»,-ասել է Նաիրա Անտոնյանը՝ ընտանիքի մայրը:

 «Արդյունքի առումով՝ այս ծրագրով իրականացվող բոլոր միջոցառումները նույնն են. բնակարանամուտ է նշվում: Տարբեր են, սակայն, շահառու դարձած ընտանիքների զրկանքներն ու տարիների ապրումները: Մեծ ձեռքբերում է հուսահատությունից անորոշության մեջ հայտնված ընտանիքներին դրական լիցք հաղորդելը: Որքան բարություն և դրական էներգիա հաղորդվի այսպիսի ընտանիքներին, այնքան արդյունավետ կլինի տունը շենացնելու, արժանի զավակներ դաստիարակելու և երկրին օգտակար լինելու նրանց նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 «Հերթական հաջողությունն է, որին այսօր ականատես ենք լինում: Հերթական հայ ընտանիքն է, որ այսուհետև ամուր հիմքերի վրա է կանգնած: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ տարիների համագործակցության արդյունքում 93 ընտանիքի համար լուծվել է տան խնդիրը, ինչը նոր հնարավորությունների ու հաջողությունների հիմնաքար է դարձել այդ ընտանիքների համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-