USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բնակարանային պայմաններ է ապահովել Արագածոտնի մարզի 10 ընտանիքի համար

25.01.2016, 14:35
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում Հայաստանի տասը մարզում 2015թ.-ին ավարտվել է կիսակառույց 21 տան շինարարություն, ևս 19-ը վերանորոգվել է, որից 10-ը՝ Արագածոտնի մարզում։
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բնակարանային պայմաններ է ապահովել Արագածոտնի մարզի 10 ընտանիքի համար

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում Հայաստանի տասը մարզում 2015թ.-ին ավարտվել է կիսակառույց 21 տան շինարարություն, ևս 19-ը վերանորոգվել է, որից 10-ը՝ Արագածոտնի մարզում, նշում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի հաղորդագրության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են սահմանամերձ Գետափ համայնք:

Ծրագրի շրջանակներում Գևորգյանների ընտանիքը հիմնովին նորոգել է տան տանիքը: Գևորգյաններն ապրում էին կես դար առաջ կառուցված տանը. տանիքը վաղուց ծակոտկեն էր դարձել, և ամբողջ խոնավությունը քայքայում էր տունը:

«Միշտ երազել եմ հարմարավետ տուն ունենալ: Երբեմն ավելի դժվար է տուն նորոգելը, քան կառուցելը: Տարիներն անցան ու երեխաներս մեծացան առանց կենցաղային տարրական պայմանների: Գարնանը, երբ կազմակերպությունից այցելեցին մեզ, հույս անգամ չունեինք, թե մեր ընտանիքն էլ կարող է ծրագրում ընդգրկվել: Տանիքի կառուցումը խթան հանդիսացավ, որ սանհանգույցն ու խոհանոցն էլ նորոգենք: Աստված օրհնի ձեզ»,-ասել է Գևորգյանների ընտանիքի մայրը՝ Սուսաննան։

Ինչպես հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, այն արդյունքները, որոնք ընկերությունը հրապարակում է իրականացրած ծրագրերի շրջանակներում, պարզապես թվեր չեն, դրանք մարդկային ճակատագրեր են:

«Եթե աջակցություն ստացած և խնդիրները հաղթահարած ընտանիքներն իրենցից հեռացնեն ապրած դժվարությունների հիշողությունը և լավատեսությամբ լցվեն, ուրեմն մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված: Դա անչափ կարևոր է ոչ միայն տան ավագների, այլեւ այդ հարկի տակ մեծացող երեխաների, մեր հասարակության համար: Հուսահատությունը թուլացնող հոգեվիճակ է, իսկ մեզ հարկավոր է ամրանալ», – ընդգծել է Յիրիկյանը։

«Այնքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար. երբ տունը հարմարավետ է, իսկ տանիքն ամուր՝ մյուս խնիրները համեմատաբար հեշտ է լուծել», – նշել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը։

2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: 2007թ.-ից մեկնարկած համագործակցության շնորհիվ ծրագրից օգտվել է 93 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-