Հայկական բջջային օպերատորները հերքել են ադրբեջանական ցանցահենների կողմից իրենց տվյալների բազան կոտրելու մասին տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia և VivaCell-MTS ընկերությունների հայկական բջջային օպերատորները հերքել են ադրբեջանական ցանցահենների կողմից իրենց տվյալների բազան կոտրելու մասին տեղեկատվությունը։
Նախօրեին ադրբեջանական ցանցահենների մի խումբ հայտարարություն էր տարածել Orange Armenia և VivaCell-MTS հայկական բջջային օպերատորների տվյալների բազան կոտրելու մասին և իբրև դրանք տեղադրել է համացանցի էջում, որը հասանելի չի եղել Հայաստանի օգտատերերին։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանն իրավիճակը մեկնաբանել է Orange Armenia ընկերության հասարակայնության հետ կապի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, բաժանորդների տվյալների բազայի անվտանգությունը և գաղտնիությունը ընկերության բիզնես պատասխանատվության սկզբունքների հիմնասյուներից է։
«Orange Արմենիայի բաժանորդների բազան գտնվում է առավելագույն պաշտպանության ներքո, որը կազմակերպվում է Orange Խմբի կողմից մշակված տեխնիկական լուծումներով և լավագույն մասնագետների կողմից: Այն ոչ իրավասու անձանց համար հասանելի չէ և որևէ մեկի կողմից Orange-ի բազա չարտոնագրված մուտք չի գրանցվել»,– ասաց Մարտիրոսյանը։
ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունից իրենց հերթին բացառեցին ընկերության տվյալների բազայի ցանցահենային ներխուժման հնարավորությունը։
Ինչպես նշեց ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը, ընկերության տեղեկատվական բազաներն ըստ արժանվույն պաշտպանված են հնարավոր հաքերային գրոհներից՝ ՀՀ համապատասխան օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան:
«Ընկերությունը ներդրել է գերժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ բաժանորդների տվյալների բազաները հնարավոր հաքերային միջամտություններից և արտահոսքերից պաշտպանելու նպատակով: Ընկերությունում գործող տեղեկատվական անվտանգության գործող համակարգերը, ընթացակարգերն ու կանոնակարգերը ներդրված են՝ հիմք ընդունելով տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի համաշխարհային ISO/IEC 27001 ստանդարտի պահանջները»,– ասաց Իսահակյանը։
Հայկական շուկայում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիավսել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն)։–0–